Search
Close this search box.

Ինչպես է ստացվում, որ դոլարն էժանանում է, իսկ դիզվառելիքը` թանկանում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անդրադարձել է տարբեր հարթակներում վերջերս քննարկվող այն հարցին, թե ինչու դոլարի փոխարժեքի էժանացման ֆոնին Հայաստան ներկրվող վառելիքի գինը ոչ միայն չի նվազում, այլև բարձրանում է։
Այսպես` 2022թ–ի մարտին դիզելային վառելիքի 1 լիտրը Հայաստանում վաճառվում էր 563 դրամով, ապրիլին` 612-ով, մայիսին` 662-ով, իսկ հունիսին` արդեն 670 դրամով։

Հանձնաժողովն ուսումնասիրել է խնդիրն ու պարզել, որ 2022 թվականի հունվար — մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի` Հայաստան ներկրելու արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով, դոլարի փոխարժեքը նույն ժամանակահատվածում նվազել է 4-6 տոկոսով։ Այս ֆոնին դիզվառելիքի մանրածախ գինը բարձրացել է 32.4 տոկոսով` հասնելով 1 լիտրի դիմաց 662 դրամ։

Հանձնաժողովը դիտարկել է նաև 2021 թվականի հունիս — 2022 թվականի մայիս ամիսների դինամիկան ու պարզել, որ դիզվառելիքի ներկրման արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով, դոլարի փոխարժեքը` իջել 6-8 տոկոսով, դրա արդյունքում` դիզվառելիքի իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ անցյալ տարվա հունիսի 457 դրամից այս տարի հունիսին դառնալով 662 դրամ։
Հիշեցնենք` ԿԲ նախագահը հունիսի 14-ի ասուլիսում հայտարարել էր, որ գնաճը Հայաստանում կարող էր շատ ավելի բարձր լինել, եթե դոլարի փոխարժեքը չնվազեր ու դրամը չարժևորվեր։

Այս հանգամանքը, ըստ ԿԲ ղեկավարի, նպաստեց, որպեսզի միջազգային շուկայում գրանցված բարձր գնաճը նույնությամբ չարտացոլվի ՀՀ–ում։
Նրա խոսքով, փոխարժեքի անկման շնորհիվ ՀՀ ներքին գները նույն չափով չեն աճել, ինչ համաշխարհային շուկայում։
Այդ պատճառով ԿԲ-ն առայժմ ձեռնպահ է մնում դրամավարկային քաղաքականության նկատմամբ որևէ ճնշում կիրառելուց և հետևում է տնտեսության գործընթացներին` հարկ եղած դեպքում անհրաժեշտ միջամտություն կատարելու համար։

Please enter a valid URL