Search
Close this search box.

Հավաքի մասնակիցների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իր հաղորդման մեջ ներկայացրած նյութերով քրեական գործ է հարուցվել։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ պատասխան, համաձայն որի իմ հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերին են կցվել նաև այլ հաղորդումներ»,– հայտնում է պատգամավորը։

Նա նաև հայտնում է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ, բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին)։
Պատգամավորը հայտնում է, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները բռնությամբ զուգորդված անցնելու, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու օրինական հիմքեր։

Թովմասյանը հիշեցնում է, որ իր ներկայացրած հաղորդումը վերաբերում էր մայիսի 30-ին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիների, պատգամավորների և անչափահասների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման, ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին հարվածելու, քաղաքացիներին բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման ենթադրյալ դեպքերին։

Please enter a valid URL