Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չենք տեսնում: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահի՝ վերջերս Ադրբեջանում արված հայտարարությունը։
«Շատ շնորհակալություն Վրաստանի նախկին նախագահին, որ նա այդքան անկեղծորեն հետաքրքրված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ, մտածում է տարածաշրջանի մասին։ Բայց մենք կարծում ենք, որ առայժմ Մինսկի գործընթացն այլընտրանք չունի։ Միգուցե այլ հարթակներ կստեղծվեն։ Բայց՝ ոչ թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ տարածաշրջանում երկխոսության համար։ Եթե Վրաստանի մասնակցությամբ Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման համար երկխոսություն լինի, ինչո՞ւ ոչ։ Բայց դա զուգահեռ գործընթաց է։ Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չենք տեսնում»,- հայտարարեց նախարարը։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, Բաբայանը հիշեցրեց, որ ոչ ոք չի հայտարարել դրա լուծարման մասին, դրա համար անհրաժեշտ է գագաթաժողով անցկացնել եւ որոշում ընդունել կոնսենսուսի հիման վրա։ Նախարարի խոսքով՝ հասկանալով Արեւմուտքի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերություններում խնդիրների առկայությունը՝ համանախագահները չեն հանդիպում են, սակայն յուրաքանչյուրը կատարում է իր պարտականությունները։ Միգուցե որոշ ժամանակ ՄԽ-ն սառեցված վիճակում լինի:
Պատասխանելով ռուս խաղաղապահներից Ադրբեջանի դժգոհության եւ նրանց դուրսբերման փորձերի հնարավորության մասին հարցին՝ Բաբայանը նշեց. «Ռուսաստանը պատմական, քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն է կրում տարածաշրջանում։ Հակամարտությունը լուծված չէ, եւ ես կարծում եմ, որ հինգ տարի անց խաղաղապահները դեռ կմնան»։