Hraparak.am-ը գրում է. «Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնի սաներն այս ամառ բացառիկ հնարավորություն են ստացել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությամբ՝ 20 երեխա իր ամառային հանգիստը կանցկացնի Սև ծովի ափին։ Երեխաներին կուղեկցեն նրանց հետ ամեն օր աշխատանք տանող մանկավարժ-մասնագետներից երեքն ու երկու կամավոր»,-տեղեկանում ենք «Մեծահասակների կրթություն Խաչմերուկ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
Ուշագրավն այն է, որ Գագիկ Ծառուկյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի միջև վերջին շրջանում տարաձայնություններն ակնառու են։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մամուլին տված իր մի շարք հարցազրույցներում բազմիցս կարծիք է հայտնել՝ դեմ արտահայտվելով Ծառուկյանի՝ Քրիստոսի արձանը կանգնեցնելու գաղափարին։ «Հիսուսի հսկայական արձանը կանգնեցնելը աննպատակահարմար է, ժամանակավրեպ է ու ավելորդ։ Հայ եկեղեցու ավանդությանը հարիր չի, մեր ավանդությանը հարիր չի։ Հետո ոչինչ չի տալու, հոգևոր իմաստով ոչինչ չի տալու՝ դրանով ավելի քրիստոնյա չենք դառնալու»,- հարցազրույցներից մեկում էլ նշել է նա։
ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը, մեկնաբանելով Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնի սաների Բաթում գնալու լուրը, hraparak.am-ին ասաց․ «Դե, այնպես եղավ, որ խնամքի կենտրոնի մանկավարժներից, դիմեց մեզ՝ ներկայացնելով գաղափարը, որ երեխաները Բաթում մեկնելու, ծովում հանգստանալու ցանկություն են հայտնել, ասաց՝ ծնողները ևս միացել են խնդրանքին, որպեսզի այն ի կատար ածվի։ Ես էլ խնդրանքը ներկայացրեցի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչը միանգամից ընդունվեց, քանի որ խոսքը երեխաների մասին էր»։ Թե որքան գումար է հատկացրել ԲՀԿ առաջնորդը, Հասմիկ Վիրաբյանը նախընտրեց չբարձրաձայնել՝ ասելով․ «Այնքան, որքան անհրաժեշտ է․ երեխաների լիարժեք հանգստի եւ մնացած այլ բաների համար գումարն հաստատ բավարար է» ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից էլ hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես եղավ, որ իրենց սաները Բաթում են մեկնում հենց Ծառուկյանի հովանավորությամբ։ Արդյոք սա հաշտության ձեռք մեկնելու ակնարկ չէ։
«Հակառակ մեր գաղափարական տարաձայնություններին, դիմեցինք, ստացանք համաձայնություն։ Մեր աշխատակիցները բացարձակ ազատ են, ես չեմ ընդդիմանում, եւ օգտվելով իրենց ազատությունից՝ կարող են դիմել՝ ում ուզում են»։
-Սրբազան, այ, Դուք արդեն ասացիք՝ հակառակ ձեր գաղափարական տարաձայնություններին, մտավախություն չկա՞ր, որ արձագանքն այլ կերպ կլիներ։
-Արդեն դրական պատասխան ենք ստացել, բացի այդ՝ խոսքը երեխաների մասին էր․․․․։
-Իսկ ինչու՞ եք որոշել երեխաների հանգիստը կազմակերպել Հայաստանի սահմաններից դուրս եւ ոչ թե հայրենի բնության մի գողտրիկ անկյունում։
— Սա առաջինը չէ։ Հայաստանում եղել է, որ հանգիստ կազմակերպվել է, այս անգամ ուղղակի ծովափնյա հանգիստ նախընտրեցին, մենք էլ ընդառաջեցինք։