«Հրապարակը» գրում է․ «Իմ անունը Լեւոն է։ 41 տարեկան, Արտաշատի Այգեպատ գյուղից»․ խոսքն այսպես սկսեց ազատամարտիկ, նախկին պայմանագրային զինծառայող Լեւոն Խաչատրյանը: Բողոքում է, որ ՊՆ-ն չի ուզում ճանաչել իրեն որպես 44-օրյա պատերազմի մասնակից եւ այդ կարգավիճակից բխող արտոնություններ տրամադրել, թեեւ հոկտեմբերի 10-ին նա կամավոր մեկնել է Քելբաջար, եղել է 4-րդ պաշտպանականի 105 դիրքում, մասնակցել Կուբաթլուի մարտերին զինկոմ Արայիկ Մուրադյանի՝ Մախնոյի ջոկատում, վիրավորվել է, ունի բազմաթիվ տեսանյութեր, իսկ նրա մեկնումը, զենք ստանալու փաստն արձանագրված են Արտաշատի զինկոմիսարիատում: Նաեւ ունի բազմաթիվ լուսանկարներ մարտական գործողություններից:
Մեզ 2 փամփուշտով կառաուլ էր կանգնացնում իր տանը
Արտաշատի զինկոմիսարիատից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Լեւոն Խաչատրյանը մեկնել է Քելբաջար՝ հայրենիքը պաշտպանելու, բայց 30 արտաշատցիների հետ հայտնվել է հրամանատար Գեւորգ Հայրապետյանի անասնագոմերում: «Անասունները, որ մարդիկ էդ պատերազմի օրերին թողել-փախել էին, նա հավաքում էր, լցնում իր ֆերման։ Մեզ էլ 2 փամփուշտով կառաուլ էր կանգնացնում իր տանը՝ իր անասուններին, անասունի թրիքը մաքրելու։ Ինքը 10 տարի դատապարտվել է լրտեսության համար, ու իրեն դարձրել են կամբատ, տվել են զորք, զինամթերք: Մեզ՝ մի 100 հոգու, պահում էր գոմում, ինչն անօրինական էր, մի ԱԹՍ որ խփեր, տեղում 100-ս էլ մնում էինք, չէր տանում կռվելու: Մարդիկ կային, ասում էին՝ խախանդ է, մնանք։ Գնալու ենք մեռնե՞նք: Ես վեճ ունեցա Գեւորգի հետ»,- ասում է ազատամարտիկը:
Լեւոնը վեճ է ունեցել կոմբատ Հայրապետյանի հետ: «Իրենք աֆիցերներով երկու կամավորի քցել էին ոտքերի տակ: Ես փորձեցի նրանց հանել գետնից, ջուր տալ, իրանց ասեցի՝ հո դուք թուրք չե՞ք, արա։ Տղաներին ծեծեցին փամփուշտ ուզելու համար։ Մեզանից երկու քայլ էն կողմ անտառ էր՝ դիվերսանտներով լիքը: Մի զինվորի հասնում է 120 փամփուշտ։ Ինքը տվել էր 2: 10 օր Գեւորգի ֆերմայում մնալուց հետո մեզ տարան դիրքեր, Օմարի լեռնանցքի 105 պոստը, Քյալբաջարի սրտում, չոլի մեջ: Ո՛չ խրամատ կար, ո՛չ մի բան: Մենք բլինդաժ սարքեցինք, այնտեղ արդեն մեզ յաշիկներով փամփուշտներ բերեց: Բայց ունեցել ենք մենակ փամփուշտ ու ավտոմատ, ո՛չ մինոմյոտ, ո՛չ ՊԿ, ՌՊԿ, ո՛չ սնայպերսկի վինտովկեք, ո՛չ «նաչնոյ վիդենի», ոչ մի հասարակ ռացիա: «Ղ-Տելեկոմին խփել էր հակառակորդը: Մեր ավագը՝ 68 տարեկան, ոտքը դուրս ընկավ, 15 օր ոտքն ուռեց, չէինք կարողանում ասել, որ գան-տանեն: Դիվերսանտները գալիս-գնում էին, մեզ հրամայել էին, որ չկրակենք, որ պալիտ չլնենք։ Էլ ո՞րն էր մեզ այնտեղ պահելու իմաստը, եթե չէին թողնում, որ կրակենք: Բերել էին, որ մի բժժած թուրք հանկարծ մոտ գար, ժիվոյ բռնենք։ Քյալբաջարում ո՛չ մենք, ո՛չ թշնամին ոչ մի սանտիմետր առաջ չի գնացել։ Քյալբաջարը տվել են նվեր»։
Կոմբատ Հայրապետյանը վեճից հետո Լեւոն Խաչատրյանին ասել է՝ ռադ եղի, ու զենքը վերցրել է ձեռքից, բայց հրաժարվել է փաստաթուղթ տալ առ այն, որ Լեւոնը հանձնել է զենքը: «Ինձ ասեց՝ գնա, որ կուզեն, ասա Գեւորգի մոտն ա։ Դաժե բուշլատը ձեռիցս վերցրեց՝ էդ ցրտին: Գրեց, որ իբր ես փախել եմ»։
Գնդապետ Գեւորգ Հայրապետյանը 2007-ին արձակվել է ՀՀ զինված ուժերից` զինվորական եւ ծառայողական կարգապահության կանոնների կոպիտ խախտման համար, այնուհետեւ դատապարտվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով՝ բանտում անցկացնելով 10 տարի: Նա ասում է, որ ինքն ընդդիմադիր հայացքներ է ունեցել եւ նախկինների օրոք բազմիցս հետապնդումների է ենթարկվել, 9 տարուց ավելի նստել է, իսկ իրեն ազատել է Նիկոլ Փաշինյանը: Լսեցինք նաեւ նրան: Ասաց, որ Լեւոն Խաչատրյանը հոգեկան հիվանդ է, հաշվառման մեջ է։ Որ Խաչատրյանն ինքն է «լաց եղել» ու «խնդրել», որ բաց թողնենք, գնա: «Մի քանի հոգի էին, եթե վախենում էին, պահեի՝ ի՞նչ անեի: Քյալբաջարից ինքը փախավ: Ասեց՝ ես հոգեկան հիվանդ եմ, ես չեմ կարա: Ես փախուստ էլ չեմ տվել իրեն: Զենքն իր ձեռքից վերցրել են, բայց ինձ չի տվել, ես հետո զենքը գտա»: Դուք կամավորներին տարել եք Ձեր անասնագո՞մը, այնտեղ անասո՞ւն էին պահում՝ հարցրինք Հայրապետյանին։ «Ավելի լավ է անասնագոմ, քան բաց երկնքի տակ: Ես անասնագոմ չեմ ունեցել, դատարկ սկլադ էր, որ վառարաններ դնեինք ու հետագայում հանքարդյունաբերություն զարգացնեինք, բայց չենք արել ոչ մի բան: Անասուն ես այդտեղ չեմ պահել: Չեմ ունեցել անասուն: 11 տարի եղել եմ Քյալբաջարում հրամանատար»,- ասաց Հայրապետյանը եւ հերքեց, որ սպաների հետ 2 կամավորի է ծեծել:
ՊՆ երեք բարձրաստիճան սպա մեզ թողեցին-փախան
«Ես բարի մարդկանց փոխադրամիջոցներով, տրակտորով, մեքենայով Քյալբաջարից հասել եմ Արտաշատ՝ հոկտեմբերի 23-ին։ Միանգամից ներկայացել եմ զինկոմիսարիատ, պահանջել եմ, որ հավաք լինի, ինձ կանչեն: 2 օրից վայենկոմատից կանչեցին, Արտաշատի վայենկոմի գլխավորությամբ՝ Մախնոյի, ջոկատը հավաքվեց, սաղ կռված դուխով տղերք էին, իրենց հետ նույն օրը բարձրացել եմ Կուբաթլու։ Բա փախնողը նորից հետ կգնա՞ր Կուբաթլու»,- հիշում է Լեւոնը: Կուբաթլուի ճանապարհին կամավորներին ուղեկցել են ՊՆ բարձրաստիճան աշխատակիցներ՝ գեներալներ Կոմիտաս Մուրադյանն ու Արտակ Բուդաղյանը: «Երեք բարձրաստիճան սպա մեզ թողեցին-փախան: Մենակ Արտաշատի զինկոմն ա մնացել, գնդապետը մեզ հետ։ Առավոտ հասկացանք, որ Կուբաթլուն, առանց փամփուշտ կրակելու, տված ա թուրքերին, իսկ մենք իրականում Կուբաթլուի զորամասից մեկ կիլոմետր դեպի Խնձորեսկ էինք գտնվում։ 30 հոգի էինք, թշնամին՝ 2000-ից ավելի: Մեզ թողեցին-փախան, իսկ երկրորդ օրը նահանջի հրաման տվեցին։ Մենք ասեցինք, որ եկել ենք կռվելու, ոչ թե փախնելու: Մենք 700 մետր առաջ գնացինք, տրաքցրեցինք թշնամու զենքի պահեստը, «Ուրալը» ու թողեցինք մարտի դաշտում 200 ազերի: Մոտս հատ-հատ նկարները կան։ Ասեցինք՝ մեզ զորք ուղարկեք, մենք չենք նահանջի, մի 100 հոգի ուղարկեք, մենք Կուբաթլուն հետ կվերցնենք: Չարեցին, մենք ընկանք շրջափակման մեջ»:
Մորգի աշխատողը ոտքիցս քաշեց, որ քցի խալադելնիկը, տեսավ՝ ողջ եմ
Լեւոնն ու մյուսները, զոհեր տալով, մի կերպ դուրս են եկել շրջափակումից: «Մի երեխու սնարյադից փրկեցի, ընկա վրան, սնարյադը կպավ մեջքիս, վիրավորվեցի, մյուս վիրավորներին էլ իջեցրինք, հետո ընկա Կապանի մորգ: Մորգի աշխատողը ոտքիցս քաշեց, որ քցի խալադելնիկը, տեսավ՝ ողջ եմ»,- պատմում է Լեւոնը: Նա իր մոտ պահում է լուսանկարը՝ ինքը Կապանի մորգում, դիակների մեջ: Կապանի հիվանդանոցից տանում են Սիսիան, լավ չեն բուժում՝ մեջքի մեջ բեկոր թողնելով։ Հետո ուղարկում են Կանազի հոգեբուժարան: «Ասեցին՝ բազմաթիվ կոնտուզիաներ ես տարել: Հոգեբանները պետք է աշխատեն հետդ: Առանց թուղթ տալու, որ եղել եմ այնտեղ, ուղարկեցին տուն»։ Հետո արդեն «Էրեբունի» ԲԿ-ում զննել են ու մեջքի հատվածում օտար մարմին հայտնաբերել: Հետազոտության պատասխանները Լեւոն Խաչատրյանին ԲԿ-ն չի տրամադրել, քանի որ նա չի ունեցել գումար՝ դրանց համար վճարելու: «Էդքան բանից հետո դիմել եմ նախարարություն, որ գոնե անվճար բուժօգնություն ստանամ, ասել են՝ դու ցուցակներում չկաս։ Պահանջում եմ, որ ճանաչեն մարտական գործողությունների մասնակից լինելու հանգամանքը եւ գրեն բիլետիս մեջ»,- ասում է ազատամարտիկը: Նա դիմել է ՄԻՊ գրասենյակ, ԱԱԾ, ՊՆ։ Անարդյունք: «Զինկոմիսարիատում արձանագրված է, որ ես մեկնել եմ Քելբաջար, Կուբաթլու, Գեւորգի մոտ գրանցված չի, որ ես զենք եմ հանձնել, բայց Կուբաթլուում ստացած զենքը գրանցված է: Եթե չեմ մասնակցել պատերազմին, որտեղի՞ց ինձ էդ զենքը, որսորդական խանութի՞ց եմ գնել, կամ՝ ասկոլկեն ո՞նց մեջքս մտավ»։
ՀԳ. Լեւոն Խաչատրյանը գիտեր, որ իրեն հոգեկան հիվանդ են հանելու: Այդ պիտակը նրան տվել են 2013 թվականին, երբ նա պայմանագրային զինծառայող է եղել Երասխի «Գազան» պոստում: Հերթափոխն արթնացնելու ժամանակ տեսել է, որ դիրքում բոլորը ոգելից եւ թմրանյութ են օգտագործել: Վեճ ու կռվից հետո դիմել է ռազմական ոստիկանություն՝ Օղիկյանին: Խաչատրյանն ասում է, որ կեղծ հետաքննությունից հետո, որպեսզի ոչ մի սպայի չդատեն, իրեն հոգեկան հիվանդ են «սարքել»: «Իմ վրա մնաց էդ պիտակը: Նույնիսկ զինվորական չճանաչեցին: Բայց դա ոչ մի կապ չունի 44-օրյա պատերազմի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։