Այսօր, հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Արմատ Ֆուդի» դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։
Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ամուսինը դանակահարել է կնոջը, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Տեղում աշխատել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կնոջը դանակահարած, դեպքի վայրից փախուստի դիմած ամուսնուն հայտնաբերելու ուղղությամբ։ Կայքի տեղեկություններով՝ պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են դանակ, որն, ըստ կասկածների՝ հանցագործության գործիքն է։