Search
Close this search box.

Չնայած Ադրբեջանի պնդումներին՝ ԼՂ հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ․ Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

Հունիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԱԳՆ–ից։

Նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ դերը՝ որպես տարածաշրջանային անվտանգության ամենամեծ կազմակերպություն, և բարձր է գնահատել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը՝ իբրև ԵԱՀԿ պատասխանատվության գոտում համապարփակ և անբաժանելի անվտանգության ապահովման շուրջ երկխոսության խորհրդարանական հարթակ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին համակարծիք էին, որ պատվիրակության այցը լավ առիթ է՝ ուրվագծելու կողմերի միջև փոխշահավետ համագործակցության նոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով տարվող աշխատանքների շուրջ դիրքորոշումները։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած Ադրբեջանի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի և Լեռային Ղարաբաղի հակամարտություն չկա, միջազգային հանության շրջանում առկա է համընդհանուր կոնսենսուս առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ:

Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակաբար հայտարարվող նկրտումները, որոնք լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու հայտարարությունների անկեղծությունը։

ԱԳ նախարարը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նպատակաուղղված քաղաքականություն է վարում 44-օրյա պատերազմի իրվերահսկողության տակ անցած տարածքներում հայկակակն կրոնական ու մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծվել է հրատապ լուծում պահանջող այս խնդիրների լիարժեք հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական քայլերի կարևորությունը։

Please enter a valid URL