Search
Close this search box.

300․000 դրամը գերազանցող գործարքները հուլիսի 1-ից պետք է կատարվեն անկանխիկ եղանակով

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ ներկայացնելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր ընդունված կարգավորումները «Արմենպրես» մամուլի սրահում ասաց, որ 300 հազար դրամը գերազանցող գրանցում չպահանջող գործարքները հուլիսի 1-ից քաղաքացիները պարտադիր պետք է կատարեն անկանխիկ եղանակով։

Վերջինիս խոսքով՝ գրանցում պահանջող գործարքների դեպքում 500 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է անպայման իրականացվեն անկանխիկ եղանալով, որի սահմանը 2023 թվականի հուլիսի 1-ից կրկին կիջեցվի 300 հազար դրամի շեմ:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ գրավատների համար մի փոքր բացառություն է սահմանված և օրենքով նանխատեսվում է, որ վերջիններս 2022 թվականի հուլիսի 1-ից վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձևով, եթե վարկի գումարը կգերազանցի 80 հազար դրամը, 2023 թ հունվարի 1-ից՝ 50 հազար դրամը և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամը:

ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը հավելեց, որ գրավատներից բացի մյուս վարկային կազմակերպություններն արդեն այսօր անկանխիկ են տրամադրում վարկերը, բայց դրանց մարումը կարող է լինել կանխիկ:

«Կան 0-ների սահմանաչափեր, օրինակ՝ պետական կառավարման մարմիններին, նոտարական գրասենյակներին և առողջապահական ու կրթական հաստատություններին հուլիսի 1-ից բոլորը վճարումներն անկանխիկ պետք է կատարվեն»,-ասաց ԿԲ փոխնախագահը և բացատրեց, որ հիվանդանոցների համար օրենքն Երևանի դեպքում ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, մեկ տարի անց՝ մարզկենտրոններում և երկու տարի անց՝ բոլոր բնակավայրերում:

Երանուհի Թումանյանցի խոսքով՝ այդ գործարքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու են ՊԵԿ-ը, ԿԲ-ն և Աշխատանքի տեսչությունը, եթե պոստերմինալները խափանվում են, ապա երկօրյա ժամկետում այն պետք է վերականգնվի, իսկ ՀԴՄ սարքերի դեպքում՝ մեկ օրվա ընթացքում:

ԿԲ փոխնախագահը հայտնեց, որ հուլիսի 1-ից հետո գրանցում պահանջող մեծ գոծարքները՝ բնակարանի, մեքենայի կանխիկով առքուվաճառքներն առոչինչ են ճանաչվելու և օրինական կարող են լինել, եթե առակա է գոմարի անկանխիկ փոխանցումը հավաստող տեղեկանքը:

Արդարադատության փոխնախարարն էլ ասաց, որ քաղաքացին չի կարողանալու վճարվող գումարը մասնատել 300 հազարից քիչ չափի՝ որոշակի ժամանակահատվածում վճարելու պայմանով, որպեսզի խուսափի անկանխիկ գործարքից, քանի որ այդ հարցը նույնպես կանոնակարգված է օրենքով և կդիտարկվի պահանջից խուսափելու դեպք:

«Գործարքի առոչինչությունը նշանակում է որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ 10 տարվա ընթացքում կարող է դիմել դատարան և կկիրառվի առոչինչության հետևանքները, որը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմից կվերադարձվեն այն ինչ տրվել են»,-պարզաբանեց Երանուհի Թումանյանցը և տեղեկացրեց, որ եթե ֆիզիկական անձինք օրենքի պահանջն առաջին անգամ խախտեն ապա կտուգանվեն 100 հազար դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնվելու դեպքում 200 հազար դրամ, բայց գործարքն, միևնույնն է, առոչինչ է ճանաչվելու:

Please enter a valid URL