Search
Close this search box.

Մեզ համար հեշտ չէր վրնները հանելու որոշում կայացնելը, բայց լինում են պահեր, երբ ծանր որոշում պետք է ընդունել. Սաղաթելյան

Այս ամիսների ընթացքում «Դիմադրության» շարժումը լուրջ ձեռքբերումներ է ունեցել. Այս շարժումը ցույց տվեց, որ իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը:

«Մենք մեր առջեւ խնդիր ունենք՝ օր առաջ հասնել իշխանափոխության, այդ ուղղությամբ բոլոր քայլերն արել ենք, բայց գլխավոր խնդիրը դեռ չի լուծվել: Դրա համար պետք է շարժման կառուցվածքի փոփոխություններ եւ մարտավարության նոր մոտեցումներ: Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, լինի ճյուղավորված, ունենանք մարզային կառույցներ, իր օջախները ձեւավորի Արցախում եւ Սփյուռքում, որի բոլոր նախադրյալները կան: Պայքարը նույն թափով, ավելի ընդլայնելով պետք է շարունակենք, մինչեւ հասնենք հաղթանակի: Մենք երկու օր առաջ ներկայացրել ենք ոչ թե դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու ծրագիր եւ այդ աշխատանքները մեկնարկել են»,-ասաց նա:

Անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուն, Սաղաթելյանն ասաց. «Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Մենք որոշում կայացրեցինք, որ հրապարակում ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, դրա համար պետք էր ունենալ վրնային ավանը, որը ստեղծեցինք: Հսկայական արդյունք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով եւ պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակը եւ վրանների արդյունավետության հարցը; Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը: Մեր խնդիրը այս պայքարը արյունավետ կազմակերպելն է եւ վերջնական արդյունքին հասցնելը: Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար: Մենք կարող էինք մեր մի քանի հարյուր քաղաքացիների հետ պահել հրապարակը՝ 30-40 աստիճան արեւի տակ վատնել մեր ռեսուրսը»,-ասաց նա:

Սաղաթելյանը նաեւ հավելեց, որ իրենք որոշում ընդունելիս մտածել են ոչ թե իրենց վարկանիշի մասին, այլ արդյունքների. «Մենք գիտեինք՝ ինչ է սպասվում: բայց ես վստահեցնում եմ, որ 1-2 օր հետո այն քաղաքացիները, որոնք անկեղծորեն մտահոգված էին, որ վրանները հանելուց հետո պայքարը կարող է թուլանալ, կհամոզվեն հակառակում: Պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով»,-ընդգցեծ ԱԺ փոխխոսնակը:

Please enter a valid URL