Search
Close this search box.

Ուկրաինան Դոնբասում օրական մինչև 1000 զոհ և վիրավոր ունի. Զելենսկու խորհրդական

Մինչև 1000 ուկրաինացի զինվոր ամեն օր սպանվում և վիրավորվում է արևելյան Ուկրաինայի Դոնբասի շրջանում, նրանցից միջինը 200-500-ը զոհվում է, մյուսները՝ վիրավորվում, ամերիկյան Axios պորտալին ասել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 1-ին ասել էր, որ օրական 60-100 ուկրաինացի զինվոր է սպանվում, քանի որ Ռուսաստանը ուժեղացրել է Դոնբասի հարձակումը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ թիվը զգալիորեն աճել է, ըստ Դավիթ Արախամիայի, որը ղեկավարում է Ուկրաինայի բանակցությունները Ռուսաստանի հետ և Զելենսկու մերձավոր խորհրդականներից մեկն է։

Ուկրաինան բանակ է հավաքագրել մեկ միլիոն մարդ և ունի ևս երկու միլիոն հավաքագրելու հնարավորություն, ասել է Արախամիան, ուստի այն ունի ռեսուրսներ, որպեսզի շարունակի պայքարը Դոնբասում, որտեղ Ռուսաստանը աստիճանաբար տարածքներ է նվաճում:

Արախամիան պնդել է, որ Ուկրաինային սպառազինություն ու զինամթերք է պակասում «21-րդ դարի ամենամեծ մարտերից մեկում» Ռուսաստանին համապատասխանելու համար:

«Մենք ունենք հարձակման, հակահարձակման համար պատրաստված մարդիկ, բայց դրա համար մեզ զենք է պետք», — եզրափակել է Արախամիան։

Please enter a valid URL