Search
Close this search box.

Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել․

«Վերջին օրերին հրապարակվել են տարբեր հայտարարություններ նախկին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Արցախ, մասնավորապես քաղաք Շուշի կատարված անարգել այցելությունների և, ենթադրաբար, Արցախի Հանրապետությանն ի վնաս գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

Վերոգրյալի շուրջ տարբեր բնույթի մեկնաբանություններին ի պատասխան հայտնում ենք հետևյալը. Ազգային անվտանգության մարմինների մասին ԱՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունն օժտված է հակահետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ, որն ուղղված է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

Հատկապես վերջին տարիներին զբոսաշրջության և այլ նպատակներով Արցախի Հանրապետություն են այցելել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ (այդ թվում նաև ազգությամբ թուրքեր), արձանագրվել են նույնիսկ ամուսնությունների, Արցախում մշտական բնակություն հաստատելու դեպքեր: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հակահետախուզական գործունեության շրջանակում մշտապես վեր է հանել կասկածահարույց դեպքերը, կատարել անհրաժեշտ ստուգողական և կանխարգելիչ գործողություններ, այդ անձինք հրավիրվել են ազգային անվտանգության ծառայություն, ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ անցանկալի անձանց մուտքն ընդհանրապես արգելվել էր:

Վերոգրյալի հիման վրա հորդորում և խնդրում ենք անհարկի չշահարկել ու կասկած չհարուցել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությանն ու կարևորությանը և դրա փոխարեն Արցախի Հանրապետության անվտանգությանն ուղղված ցանկացած կասկածահարույց դեպքի ականատես լինելու պարագայում ցուցաբերել բարձր գիտակցություն և անհապաղ հաղորդել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին»:

Please enter a valid URL