«Միամտություն էր հավատալ, որ հայկական իշխանությունը զավթած, թուրքիայի ու ադրբեջանի շահերի պաշտպանին կարելի էր ստիպել հայամետ քաղաքականություն վարել», — ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի մասին։
«Առանց աչքը թարթելու, ՀՀ ԱԺ բարձրադիր ամբիոնից հնչեցնում է ադրբեջանական կողմի բանակցային տեսակետը, ներկայացնելով որպես հայկական կողմի մինչ 2018 թ.-ը վարած բանակցային գործընթաց: Առանց ամոթ զգալու, խրոխտ ու հպարտ խոսում է Արցախին տրված «աննախադեպ» բյուջեյի մասին, որը ինքնախոստովանանք է, որ Արցախի կործանման իր գինն է վճարում: Եվ վերջում առանց վարանելու նշում, որ Հայաստանի Հանրապետության ստրուկի կարգավիճակում լինելու գինը ամբողջ Արցախը թշնամուն նվիրելն է լինելու և հենց դրանում է լինելու Հայաստանին իր բերած «փառքը»:
Ինձ համար ցավ է, մեծ ցավ, որ այս անձը իր հույսը դրել է ոչ բավարար ինքնագիտակցություն ունեցողների վրա և ըստ իրեն այդպիսիները բացարձակ մեծամասնություն են:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն ու իր տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արժանապատիվ, ազգային մտածողությամբ, ազգային արժեքներ կրողները թույլ չե՛ն տալու, որ ապազգայինն ու հակահայկականը հաղթի: Իսկ խաղաղության օրակարգը հայկական է լինելու և արժանապատիվ, հանուն որի չխնայեցին իրենց մեր հերոս նահատակները: Այս իշխանությունից ազատվելը յուրաքանչյուրիս օրախնդիրն է»,- գրում է Արցախի Ազգային Ժողովի պատգամավորը։