Search
Close this search box.

«Մենք գիտենք՝ ով է մեր երեխաներին սպանել, հետ չենք կանգնի». զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույցը

Զոհված զինծառայողների հարազատները մինչեւ վաղը կսպասեն, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործն հանձնվի ԱԱԾ-ին, հակառակ դեպքում իրենք քայլեր կձեռնարկեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Եղիազարյանի հայրը՝ Էդուարդ Եղիազարյանը:

«Մինչեւ վաղն իրենք ժամանակ ունեն պատասխան տալու համար: Եթե չեղավ մեր ուզածով, մենք արդեն մեր քայլերը կանենք: Մենք գիտենք՝ ով է մեր երեխաներին սպանել, չենք կարող հետ կանգնել: Դատախազները եւ դատավորներն էլ թող հույս չունենան, որ կարող են կասեցնել մեր պայքարը: Մենք այլեւս կորցնելու ոչինչ չունենք»,- նշեց նա:

Էդուարդ Եղիազարյանի խոսքով՝ Ֆրանսիայի հրապարակում վրանների հավաքումից հետո զոհված զինծառայողների հարազատներն իրենց վրանները տեղափոխել են Ֆրանսիայի հրապարակ:

«Մենք իսկզբանե եղել ենք Ազատության հրապարակում, բայց հետո մեր վրանները տեղափոխեցինք Ֆրանսիայի հրապարակ, որ մարդիկ չկիսվեն: Հիմա էլի վերադարձել ենք մեր տեղը, մենք մեր պայքարը տանելու ենք մինչեւ վերջ՝ մինչև պատժենք մեղավորին՝ գլխավոր հրամանատար կոչվածին: Ինքը հայտարարել է ամբիոնից, որ կարող էր կանխել պատերազմը, բայց սպանել է մեր երեխաներին: Դրա համար ինքը պետք է պատասխան տան: Մենք քաղաքական ինչ-որ պահանջ չունենք, ուղղակի ուզում ենք, որ մեր երեխաներին սպանողը պատժվի: Ոնց որ մեր երեխաները պայքարեցին արտաքին թշնամու դեմ, այնպես էլ մենք ենք պայքարում ներքին թշնամու դեմ»,- ասաց Էդուարդ Եղիազարյանը:

Please enter a valid URL