Search
Close this search box.

Դոլարի կանխիկացման խնդիր ՀՀ–ում կա. վախենում են, որ դոլարը կարող է գնալ Ռուսաստան

Դոլարի կանխիկացման խնդիր հայաստանյան բանկերում կա, դա պայմանավորված է Ռուսաստանում ստեղծված տնտեսական վիճակով։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով ՀՀ բանկերում դոլարի վաճառքի կամ կանխիկացման հետ կապված խնդիրների մասին հարցին։

«ՌԴ–ում ստեղծված իրավիճակով պայմանավորված առաջացել է մի իրավիճակ, երբ կա կանխիկ արտարժույթի շուկա և անկանխիկ արտարժույթի շուկա։ Անկանխիկ արտարժույթի շուկայում որևէ խնդիր չկա այս պահի դրությամբ։ Այսինքն` եթե դու ունեք տրանսֆերտ, որն ստացել եք անկանխիկ եղանակով, որը մուտք է արվել հայկական առևտրային բանկի թղթակցային հաշվի համարի վրա` դոլարային տեսքով, իրենք այստեղ այդ գումարը մեծ սիրով կփոխանցեն ձեր արտարժութային դոլարային հաշվի վրա։ Խնդիրներն առաջանում են այն պահին, երբ այնտեղ փոխանցված անկանխիկը այնտեղ մնում է որպես անկանխիկ, իսկ այստեղ հաճախորդն այն ուզում է վերցնել որպես կանխիկ դոլար»,– պարզաբանեց Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահը նաև արձանագրեց, որ Հայաստանում դոլարի կանխիկացման հետ կապված որևէ խնդիր նախկինում չէր եղել։ Բայց հիմա ՀՀ բանկերին արտերկրի գործընկեր բանկերն ու Կենտրոնական բանկերը դժկամությամբ են դոլար տալիս, քանի որ մտավախություն ունեն, որ դրանք կարող են փոխանցվել Ռուսաստանին ու ՌԴ քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ, պատասխանելով Sputnik Արմենիայի նույնաբովանդակ հարցին, Կենտրոնական բանկից հայտնել էին, որ նման խնդիրր Կենտրոնական բանկը չի արձանագրել:
Նշենք, որ վերջին օրերին սոցկայքերում գրառումներ անող քաղաքացիները
հայտնում են, թե դրամն արտարժույթի փոխանակելիս դժվարությունների են հանդիպում ինչպես բանկերում, այնպես էլ փոխանակման կետերում։
ԿԲ պաշտոնական վիճակագրության համաձայն, ս.թ. ապրիլին Հայաստան դոլարի ներհոսքը կազմել է 357 մլն, ինչը նախորդ տարվա ապրիլի համեմատ 2 անգամ ավելի է։ Այս գումարը բանկային համակարգով փոխանցված արտարժույթն է` ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով։ Մայիսի տվյալները դեռ ամփոփված չեն, բայց ԿԲ ներկայացուցչի խոսքով, այդ ժամանակահատվածում ևս էական աճ կա։

Please enter a valid URL