Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի խաղում ընդունեց Շոտլանդիայի հավաքականին եւ պարտվեց 1։4 հաշվով։
Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որին գոլային փոխանցում կատարեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
14-րդ րոպեին հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը։ Անգլիական «Սաութհեմփթոնի» հարձակվող Չե Ադամսի փոխանցումից հետո աչքի ընկավ «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ստյուարտ Արմստրոնգը։
18-րդ րոպեին ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը գրավեց շոտլանդացիների դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։
44-րդ րոպեին մրցակցի նկատմամբ խախտման, այնուհետեւ մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց «Փյունիկի» պաշտպան Արման Հովհաննիսյանը։
Ավելացված առաջին րոպեին դուբլ ձեւակերպեց Ստյուարտ Արմստրոնգը։ Անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան եւ հավաքականի ավագ Ջոն Մաքգինը կատարեց գոլային փոխանցումը։
50-րդ րոպեին Ջոն Մաքգինը Լիվերպուլի «Էվերտոնի» պաշտպան Նաթան Պետերսոնի փոխանցումից հետո գրավեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։ 4 րոպե անց շոտլանդացիների չորրորդ գոլը խփեց Չե Ադամսը, որին գոլային փոխանցումը կատարեց Չե Ադամսը։
Վերջին րոպեներին երկու գոլային պահ ունեցավ փոխարինման դուրս եկած եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը, սակայն հաջողության հասնել չհաջողվեց։
Ավելացված առաջին րոպեին մրցակցի ոտքին ուղիղ ոտքով հարվածելու համար կարմիր քարտ ստացավ Կամո Հովհաննիսյանը։
Թիմերի առաջին հանդիպումը Գլազգոյում ավարտվել էր 2։0 հաշվով շոտլանդացիների օգտին։
Շոտլանդիան 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի խմբի առաջատար Ուկրաինան, որը 2 խաղ է անցկացրել։ Հայաստանի հավաքականը 4 խաղում վաստակել է 3 միավոր եւ երրորդն է։ Իռլանդիան 3 խաղից հետո 3 միավորով վերջինն է։
Հաջորդ հանդիպումն Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 24-ին՝ ընդունելով ուկրաինացիներին, որոնց առաջին խաղում պարտվել է 0։3 հաշվով։