Ընդդիմությունը հունիսի 15-ին կբացի Ֆրանսիայի հրապարակը։ Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը»,– ասաց Սաղաթելյանը:
Նա նշեց` շարժման ներուժը մեծացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակն ընդլայնելու, հստակ գործողություններ ծրագրելու նոր հանգրվանի առաջ են կանգնած, ուստի որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը։
«Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, ինչպես նաև ցանցային բնույթ հաղորդել` կյանքի կոչելով տարածքային միավորներ։ Սա ենթադրում է, որ շարժումն ունենալու է ենթակառուցվածքներ` կոմիտեներ»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` ընդդիմությունը կանգնած է մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։
«Մեր ծրագրած քայլերն իրականացրել ենք ամբողջությամբ, սակայն այս իշխանությունների պահվածքն իրենց ազդեցությունն են թողել մեր ծրագրերի վրա։ Պետք է ասել` Փաշինյանին չընդունողների թիվն ավելի շատ է, քան հրապարակում կանգնածներինը, և մենք, այո, չենք կարողացել բոլորին դուրս բերել հրապարակ»,–ասաց Սաղաթելյանը` հավելելով, որ կազմակերպական բնույթի թերացումներ ևս ունեցել են։
Նա նշեց, որ պայքարի արդյունքում լաոն զարթնեց, վերջնականապես փակվեց հարցը, թե Արցախի անվտանգությունը շատ քչերին է հուզում։ Սաղաթելյանի խոսքով` շարժումը համախմբեց հասարակության լայն շերտերին։
Բացի այդ, ըստ նրա, միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա արժանապատիվ ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում առաջարկել։
«Երկրի ներսում, արտաքին աշխարհի համար փաստվեց` իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու։ Մենք ապացուցեցինք, որ տեր ենք երկրին և ժողովրդի ընթացքը կասեցնել հնարավոր չէ։ Ժողովրդի 90 տոկոսը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. սա սոցիոլոգիական հարցման արդյունքներն են»,–ասաց Սաղաթելյանը։
Նա հավելեց, որ շարժումն այս պահին կանխեց նոր կապիտուլյացիա ստորագրելու հնարավորությունը։ Բացի այդ, շարժումը ոտքի հանեց արցախահայությանը և սփյուռքին։
Նա նաև հայտարարեց՝ շարժումը չի դադարի, մինչև համազգային պայքարի վերջնանպատակը չիրագործվի։
«Այստեղ ենք՝ շատ կարևոր հարցերի պատասխանելու, միասին որոշում ընդունելու, առաջ գնալու համար։ Այդ որոշումները պետք է ապահովեն մեր շարժման հետագա ընթացքը, զարգացումը, նպատակների վերջնական իրագործումը։ Նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումը և Հայաստանի թրքացումը, չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար պետք է հեռացնել այս չարիքի իշխանությանը, ձևավորել ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ երկիր։
Ուստի այս շարժման նպատակը և առաքելությունը սրբազան են, ու քանի դեռ վերը նշված հարցերը չեն լուծվել, այս շարժումը դադար չունի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։