Search
Close this search box.

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սադրիչ գործողությունները, նաև հայատյաց հռետորաբանությունը․ Միրզոյան

Հունիսի 14-ին պաշտոնական այցով Սոֆիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկայի հետ, որը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Արարատ Միրզոյանը և Թեոդորա Գենչովսկան բարձր են գնահատել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-բուլղարական միջպետական հարաբերությունների առկա մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով առավել ակտիվացնելու երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը։ Ընդգծվել է բարձրաստիճան մակարդակներում պաշտոնական փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության և ներդրումների ծավալների ավելացման հնարավորություններին և կարևորել այս ոլորտներում առկա զգալի ներուժի իրացումը։ Այս համատեքստում շեշտվել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեության, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման նշանակությունը:

Երկուստեք կարևորվել է նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում կապերին: Այս առումով նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, և երկկողմ միջկառավարական ծրագրի շրջանակներում Բուլղարիայի համալսարաններում Հայաստանի քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպելու համար:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Այս առումով Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը:

Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։

Առանձնահատուկ կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական կոթողների ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության հստակ և հասցեական արձագանքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել իրականացման հրատապությունը։

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Please enter a valid URL