Search
Close this search box.

Մտել է արտարժույթի փոխանակման կետ, քաշել նռնակի օղակը եւ հափշտակել 4.4 մլն դրամ. հանցագործի ինքնությունը դեռ չի պարզվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տարաղրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ առևտրի կենտրոնում գործող տարաղրամի փոխանակման կետից ավազակությամբ գումար հափշտակելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 12֊ին՝ ժամը 23:26-ին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 12֊ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, դիմակավորված անձը, նռնակով զինված, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել առևտրի կենտրոնում գործող տարադրամի փոխանակման կետ, քաշել նռնակի օղակը և աշխատակցի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է տարադրամի փոխանակման կետում առկա, նախնական տվյալներով, 4.400.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագոևրծություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Please enter a valid URL