Search
Close this search box.

Ռուսաստանը չի կարող լուծել «հայ-ադրբեջանական հակամարտությունը»․ ԵՄ բանաձեւը ցրում է հույսերը

Եվրախորհրդարանի կայքում տեղադրված բանաձեւում նշվում է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները շարունակվում են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ։ Ռուսաստանը միայնակ չի կարող լուծել հետխորհրդային տարածքում ծագած հակամարտությունները։ ԵՄ-ի ռազմավարական հեռատեսության և դիվանագիտական ​​նախաձեռնության բացակայությունը թույլ է տվել Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին և այլ խաղացողներին մեծացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում»:

Եվրամիության աշխուժացումը «հայ-ադրբեջանական կարգավորման» գործընթացում Մոսկվան գնահատել է որպես կարգավորումը յուրացնելու, Ռուսաստանին դուրս մղելու փորձ եւ աշխարհքաղաքական քայլեր։ Մոսկվայի նյարդայնությունը հասկանալի է՝ հույս ունեին միջազգային կառույցներում «լեգիտիմացնել» ռուս-թուրքական համաձայնություններն ու Կրեմլի պլանը։ Հույսերը չեն արդարացել․ եռակողմ հայտարարությունները չեն համարվում խնդրի լուծում, եւ արդեն ԵՄ բանաձեւում արձանագրվում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ի վիճակի չէ լուծել հակամարտությունները։

Սա կարեւոր արձանագրում է, միեւնույն ժամանակ, պետք է նկատի առնել նաեւ հետեւյալ հանգամանքները։

Ռուսաստանը դադարել է Կովկասում միակ որոշողը լինել 2020-ի սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեմ ռազմական արշավից հետո։ Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել հենց այս իրողության հիմքով․ Ռուսաստանը հակամարտության կողմ է, ինչը խոստովանել է նաեւ ՌԴ ԱԳ նախարարը, ըստ որի՝ հայկական շահը կարգավորման պլանում չկա։ Ռուսաստանը թուրքերի հետ համատեղ նախաձեռնել է պատերազմը եւ «հետպատերազմյա կարգավորումը» (Շոյգու, Լավրով, Զատուլին, Կուրղինյան), Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծված է՝ այդպիսով խախտելով ՄԱԿ եւ ՄԽ մանդատը եւ միջազգային սկզբունքները։ Ռուսական զորքը չէր կարող Արցախում հայտնվել առանց հայերի երաշխավորված պարտության, եւ տեղակայվել է Շուշին ու Հադրութը Բաքվին հանձնելու պայմանով։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հեղինակել է անձամբ Պուտինը, իր իսկ հայտարարության համաձայն։ Այդ եւ հաջորդող երկու փաստաթղթերը Արցախի հարցի փակման, Հայաստանի տարածքը արտատարածքային միջանցքներով մասնատելու, «խորհրդային քարտեզներով սահմանազատմամբ» 1921-ի Կարսի պայմանագիրն ընդլայնված կիրառելու մասին է, որը Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության, Կարսի եւ Արարատի շրջանի՝ Թուրքիային պատկանելության «օրինականացումն է»։

Միեւնույն ժամանակ, Մոսկվան ու Բաքուն բազմիցս խախտել են նույն եռակողմ հայտարարությունը, իսկ Պուտինի եւ Ալիեւի միջեւ ստորագրված ռազմավարական գործակցության հռչակագիրը հակասում է նոյեմբերի 9-ի թղթին։

Եվրամիության բանաձեւն անշուշտ հնարավորություն է Հայաստանի համար, ինչպես ռուս-թուրքական համաձայնությունների, սահմանների իրավական խոցելիության հանգամանքը, որոնք Հայաստանը կարող է լայնորեն շահագործել՝ իր իրավունքների հարցը բանակցային սեղանին վերադարձնելու։ Հայաստանի ռուսական մանդատակիր խորհրդարանը կազմող ուժերի ներքին դիմակայությունը տեղի է ունենում «ով ավելի լավ կկատարի ռուս-թուրքական եռակողմ հայտարարությունները» կարգախոսի եւ Պուտինին ռեժիմով երախտապարտության ներքո։
lragir.am

Please enter a valid URL