Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վ.Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Թույլ տվեք Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ և եղբայրական ռուս ժողովրդին՝ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, անկեղծ ու բարիդրացիական հարաբերությունները, պատմական, մշակութային, հոգևոր ամուր կապերն ունեն դարերի պատմություն, նրանք միասին անցել են երկար ճանապարհ, համատեղ դիմակայել ժամանակի փորձություններին, հաղթահարել դժվարություններն ու կերտել հաղթանակներ:
Այսօր էլ ՌԴ խաղաղապահ զորակազմը գտնվում է Արցախում և իրականացնում չափազանց կարևոր առաքելություն՝ պաշտպանության բանակի հետ միասին ապահովելով մեր բնակչության անվտանգությունն ու անդորրը:
Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և անձամբ Ձեր ջանքերն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործին, ինչի համար խորապես շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:
Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր եղբայրներին՝ հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք, մեր բարեկամ երկրին՝ խաղաղություն ու բարգավաճում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/32ec45d9d0fd1d9005889c270cd62ddc
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»