Search
Close this search box.

Իրավիճակ է փոխվել․ ինքնիշխան որոշումներ են պետք

2022 թվականի հունիսի 8-ին ընդունված Արևելյան գործընկերության տարածքում անվտանգության մասին Եվրախորհրդարանի բանաձևում շոշափվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հայ-ադրբեջանական առճակատումը։

Եվրախորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթի տեքստում, մասնավորապես, նշվում է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները շարունակվում են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ. Ռուսաստանը միայնակ չի կարող լուծել հետխորհրդային տարածքում ծագած հակամարտությունները. ԵՄ-ի ռազմավարական հեռատեսության և դիվանագիտական ​​նախաձեռնության բացակայությունը թույլ է տվել Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին և այլ խաղացողներին մեծացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում»:

Հունիսի 8-10-ը Երեւանում ՀԱՊԿ-ի շրջանակներում նիստեր են կայացել Պետդումայի նախագահ Վոլոդինի եւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մասնակցությամբ։ Հունիսի 17-ին Հայաստան կժամանի նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը։ ՀԱՊԿ-ի «խաչակրաց արշավանքը» Հայաստանում տեղի է ունենում Եվրամիության ու ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին, ըստ որոնց՝ Ռուսաստանը իրավունք չունի լուծելու ինքնիշխան երկրների հակամարտությունները։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ԵՄ-ն և ԱՄՆ-ն Ռուսաստանի հեղինակած եռակողմ հայտարարությունը համարել են ընդամենը հրադադարի փաստաթուղթ եւ ոչ թե հակամարտության կարգավորում։ Ռուսաստանը «չեղարկել» է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջազգային ձեւաչափը՝ Թուրքիայի հետ գործալցությամբ ու «հավասար կիսելու» սկզբունքով։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից, Բուչայից ու Մարիուպոլից հետո Արեւմուտքը կասկածի տակ դրեց Ռուսաստանի «մենաշնորհը կարգավորման հարցում»։ Եվ ներկայում Եվրախորհրդարանի բանաձեւում ասվում է, որ Ռուսաստանը չի կարող միայնակ լուծել բոլոր հակամարտությունները, իսկ Շառլ Միշելը ակտիվ միջնորդական քաղաքականություն է վարում Բաքվի եւ Երեւանի միջեւ։

Լավրովի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ Երեւանը փորձում է վերականգնել հավասարակշռությունը, բայց միեւնույն ժամանակ չի խոսում սեփական շահերի ու իրավունքների մասին։ Երևանի փոխարեն հայտարարություններ են հնչում Անկարայում, Բաքվում և Մոսկվայում։ Լավրովը Երևանում ասաց, որ «Հայկական կողմի ցանկությամբ» Հայաստանում ավելի շատ ռուսական դպրոցներ կբացվեն, և նոր բացվող ճանապարհներին «հատուկ ռեժիմ» կներդրվի, Ռուսաստանի ԱԴԾ վերահսկողությամբ։ Հայկական կողմը չի առարկել։

Պուտինը այն երկրներին, որոնք ընդունակ չեն ինքնիշխան որոշումներ կայացնել, անվանել է «գաղութներ, որոնք աշխարհքաղաքական հեռանկար չունեն»։
lragir.am

Please enter a valid URL