Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին, Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիին, Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևին, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանն ասել է.
«Հարգելի բարեկամներ,
Ողջունում եմ բոլորիդ մեր երկրում, մեր մայրաքաղաքում: Եվ ողջունում եմ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի անցկացումը մեր երկրում:
Այս տարի կրկնակի հոբելյան ունենք՝ նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության կազմակերպության ստեղծման 20-ամյակը: Շատ հաճելի է նկատել, որ այս հոբելյանական տարում, կորոնավիրուսի համավարակից հետո կրկին վերականգնվում է այն դինամիկան, որն ավանդաբար ունեցել ենք: Եվ, ինչպես բազմիցս այդ մասին խոսել ենք, կարծում եմ, որ հոբելյանը շատ լավ առիթ է՝ անցած ճանապարհը վերլուծելու, մեր ունեցած հաջողությունները, ձեռքբերումներն ընդգծելու և նաև այն թերությունների մասին խոսելու համար, որոնք նկատվել են մեր կազմակերպության գոյության ու աշխատանքի ընթացքում:
Գիտեք, որ ՀԱՊԿ-ն մեր երկրների անվտանգության ապահովման ոլորտում կարևորագույն գործոններից է, և պետք է ցավով նշեմ, որ մեր կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակն այդքան էլ կայուն չէ: Այս համատեքստում, կարծում եմ, պետք է սերտ համագործակցել, փոխանակվել տեղեկատվությամբ, իրավիճակի գնահատականներով՝ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և կառավարման համար նախատեսված մեխանիզմներն անհրաժեշտ պահին գործարկելու համար:
Պետք է նշեմ նաև, որ շատ ուրախ ենք այսպիսի ինտենսիվությամբ հյուրընկալել ՀԱՊԿ տարբեր միջոցառումներ: Վերջերս Երևանում հյուրընկալեցինք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, հիմա՝ այս կարևոր միջոցառումը: Հունիսի 17-ին սպասում ենք ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարներին: Սրանք իսկապես շատ լավ առիթներ են՝ խոսելու և քննարկելու այն օրակարգը, որ ունի մեր կազմակերպությունը:
Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ և հույս ունեմ՝ արդյունավետ նիստ և ժամանակ եք անցկացնում մեր հանրապետությունում»:
ՀՀ վարչապետը, ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, անդրադարձել է տարածաշրջանային ընթացիկ իրավիճակին՝ խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային հաղորդուղիների բացման, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի մասին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը:
Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, և բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. «միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել, և սա համընդհանուր ընկալում է։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն առանցքային է համարել ԼՂ կարգավիճակի հարցը և ընդգծել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
ՀՀ վարչապետը նկատել է՝ դեռևս բաց է մնում 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը, ինչի կապակցությամբ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մշտադիտարկման և արագ արձագանքման մեխանիզմների լավարկման շուրջ, ինչը կբարձրացնի կազմակերպության գործունեության և անդամ երկրների անվտանգային մարտահրավերների սպասարկման արդյունավետությունը: