Ամեն հինգշաբթի Հայաստանի կառավարությունը նիստեր է անում եւ մի քանի տասնյակ որոշումներ կայացնում: Այդ որոշումները վերաբերում են տարբեր ոլորտների եւ ուղղված են իբրեւ թե տարբեր խնդիրներ լուծելուն: Որքան էլ տարբեր լինեն այդ որոշումները, ունեն մեկ ընդհանրություն. գրեթե բոլոր որոշումների նպատակն ու իմաստը բյուջետային միջոցների մսխումն է, ավելի պարզ ասած՝ յուրացումը:
Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անդամների տրամաբանությունը շատ պարզ է. քանի որ երկրի բյուջեում փող է հավաքվում, ապա պետք է տիրանալ այդ փողին, իսկ դրա լավագույն միջոցն ինչ-որ նպատակով ծախսելու իմիտացիա ստեղծելն է: Բյուջեի միջոցները հավաքագրվում են հանրությունից, եւ դրանք պետք է ծախսվեն հանրային նշանակության խնդիրներ լուծելու համար: Բայց այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի անձնական օգուտը ո՞րն է: Եթե ինքն անձնապես չի օգտվելու, որոշում կայացնելու եւ իրականացնելու իմաստը ո՞րն է: Դրա համար նա ամեն ինչ անում է այնպես, որ հանրային նշանակության խնդիրներ լուծելու փոխարեն բյուջետային միջոցները ծառայեն իրեն:
Երեկ կառավարությունն ընդունել է մի որոշում, որը կոչվում է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ․ ծրագիր»:
Այս ծրագրով նախատեսվում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում ապրող կամ ապրելու ցանկություն ունեցող երիտասարդ կամ նորաստեղծ ընտանիքներին՝ լուծելու իրենց բնակարանային խնդիրները: Առաջին հայացքից թվում է, թե շատ լավ մտահղացում է. ծրագիրը կարող է նպաստել սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, համայնքների զարգացմանը: Եթե երիտասարդ ընտանիքը գումար ստանա պետությունից, տուն կառուցի, ապա կմնա այդ գյուղում, կաշխատի, ինչ-որ բարիքներ կստեղծի, ինչը լավ է թե՛ տվյալ ընտանիքի, թե՛ գյուղի եւ թե՛ պետության համար:
Նորմալ տրամաբանությամբ՝ եթե կառավարությունն ուզում է ինչ-որ ընտանիքի օգնել՝ լուծելու իր բնակարանային խնդիրը, ապա կա երկու տարբերակ․ կա՛մ այդ գումարը պետությունն անմիջականորեն տալիս է ընտանիքին՝ բնակարան կառուցելու համար, կա՛մ ինքն է մրցույթ հայտարարում, ինչ-որ կազմակերպություն հաղթում է այդ մրցույթում, բնակարան է կառուցվում, եւ այդ բնակարանը հատկացվում է երիտասարդ կամ նորաստեղծ ընտանիքին: Առաջին դեպքում վտանգ կա, որ գումար ստացած ընտանիքը կարող է բնակարան չկառուցել, բայց կան վերահսկողության բազմաթիվ մեխանիզմներ, որոնցից մեկն էլ գումարը փուլ առ փուլ հատկացնելն է:
Հայաստանի կառավարությունը գնացել է բոլորովին այլ ճանապարհով: Կառավարության երեկվա որոշման մեջ ասվում է, որ այդ գումարը տրամադրվելու է երիտասարդ ընտանիքի կողմից բնակարան ձեռք բերելու նպատակով վերցված հիպոթեքային վարկի մայր գումարի եւ տոկոսագումարի մարման համար: Ըստ կառավարության որոշման, մեկ ընտանիքին տրամադրվող գումարի չափը վարկի մայր գումարի մարման համար կարող է հասնել մինչեւ 12 մլն դրամի, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 12%, հանրագումարային՝ մինչեւ 8.660 մլն դրամ:
Ստացվում է, որ կառավարությունը պետական բյուջեից յուրաքանչյուր ընտանիքի բնակարանային խնդիր լուծելու համար հատկացնում է 20 միլիոն 660 հազար դրամ կամ ներկայիս կուրսով՝ մոտ 50 հազար դոլար, բայց այդ գումարի 40 տոկոսից ավելին ստանում է ոչ թե երիտասարդ ընտանիքը, այլ՝ բանկը: Հիմա ո՞ւմ է իրականում օգնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը` երիտասարդ ընտանիքի՞ն, թե՞ բանկին: Պատասխանը, կարծում ենք, միանշանակ է:
Եթե 20 միլիոն 660 հազար դրամով սահմանամերձ բնակավայրում կարելի է տուն կառուցել ու ապրել այդ տանը, ապա 12 միլիոնով դա գրեթե անհնար է: Չէ, ինչ-որ բան, իհարկե, կարելի է կառուցել, բայց դա այնքան էլ տան նման չի լինի:
Մի՞թե Հայաստանի կառավարությունը կամ անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ ավելի լավ է մարդուն տալ 20 միլիոն 660 հազար դրամ կամ այդքան գումարով տուն կառուցել ու նվիրել, քան ստիպել, որ մարդը գնա վարկ վերցնի, իսկ հետո սուբսիդավորել այդ վարկը: Իհարկե, բոլորը շատ լավ ամեն ինչ հասկանում են: Խնդիրն ուրիշ տեղ է. Հայաստանի կառավարության փոխվարչապետերից մեկը բանկային կապիտալի ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանն է, եւ նա զբաղվում է բանկերի լոբբինգով, անում է ամեն ինչ, որ բանկերը չեղած տեղից պետության հաշվին եկամուտ ստանան: Բանկային մեկ այլ խոշոր մագնատ՝ Խաչատուր Սուքիասյանն էլ այս իշխանության փայատերերից է։
Եվ ինչպես հայկական ժողովրդական ասացվածքն է ասում, «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես»: Ցանկացած լոբբինգ ունի իր գինը, եւ կառավարության յուրաքանչյուր նման որոշում ունի իր հստակ գինը: Այս տարի բյուջեից այս խիստ կասկածելի ծրագրի իրականացման համար կհատկացվի 137,7 միլիոն դրամ: Թե այդ գումարից որքանը բաժին կհասնի որոշում կայացնողներին, իսկ որքանը՝ բանկերին, մենք հստակ չենք կարող ասել: Բայց որ Հայաստանի երիտասարդ ընտանիքների բնակարանային վիճակը չի բարելավվի, դա կարող ենք պնդել մեծ հավանականությամբ: Իսկ ինչո՞ւ պետք է բարելավվի երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրը, եթե կառավարության որոշումների շահառուն ոչ թե շարքային քաղաքացիներն են, այլ կառավարության անդամները, բանկերն ու օլիգարխները:
Hraparak.am