Search
Close this search box.

«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետին ՔՊ-ի ներսում չեն ընդունում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնավարման 100-րդ օրվա առնչությամբ այսօր մամուլի ասուլիսով հանդես կգա: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ մարզպետին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այդքան էլ չեն ընդունում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ կուսակցության սյունիքյան թեւը որեւէ կերպ չի հասկանում՝ ինչպես կարող էին Ճամբարակի Կալավանից ղեկավար բերել այդ կարեւոր մարզի համար:

«Ամբողջ մարզպետարանն իր սիրելի մարդկանցով է լցրել: Անհասկանալի, անընդունելի էր, երբ իրեն տեղակալ նշանակեց լրագրող Նարե Ղազարյանին, որ Փաշինյանի ակտիվ քննադատներից էր ու մասնակցում էր ընդդիմադիրների բոլոր երթերին, ակցիաներին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մարզպետին թեեւ հաջողվել է Փաշինյանին համոզել ու Ղազարյանին փոխմարզպետի պաշտոնում նշանակել, այնուամենայնիվ, ՔՊ-ի՝ Սյունիքի ակտիվն այդ նշանակման հետ որեւէ կերպ չի հարմարվում: Ըստ մեր լուրերի՝ ՔՊ-ականները պատրաստվում են ներկուսակցական ստորագրահավաք սկսել՝ ոչ միայն ընդդեմ Ղազարյանի, այլեւ ընդդեմ մարզպետ Ղուկասյանի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, անդրադառնալով Ղազարյանի նշանակմանը եւ այդ առնչությամբ ՔՊ-ականների անհանգստությանը, նշեց. «Այդպիսի բան չկա, նեղ շրջանակներ են այդպես քննարկում, բայց իրականում այդպիսի բան չկա: Ինչ վերաբերում է մարզպետարանի աշխատանքներին, ապա մեծ աշխատակազմ ունենք, կարող ենք հարցնել յուրաքանչյուրին, ու կասեն՝ մարզպետարանն այսքան ներդաշնակ երբեք չի եղել»:

Մեր զրուցակիցը, սակայն, փոխանցում է, որ ՔՊ-ականները որպես Սյունիքի մարզպետ դիտարկում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությունը, որը մտերմիկ հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ: Նա, սակայն, պարտված թեկնածու է. Կապանում խայտառակ պարտություն կրեց ներկայիս համայնքի ղեկավարի հետ մրցակցությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL