Search
Close this search box.

Սպանություն՝ Երևանում. դանակի մի քանի հարված են հասցրել 44-ամյա տղամարդուն, որը հիվանդանոցում մահացել է

Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 44-ամյա Սևակ Նուրիջանյանն է, ով գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, մոտ մեկ ժամ անց գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մինչ Շենգավիթի ոստիկաններն ու Շենգավիթի քննիչները պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30–ի սահմաններում Բագրատունյաց 87/2 հասցեի հարակից վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Նուրիջանյանի և Արարատի մարզի բնակիչ, 56-ամյա Ռուդիկ Ղ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ս. Նուրիջանյանի կրծքավանդակին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Ռ. Ղազարյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Please enter a valid URL