Search
Close this search box.

Հայտնի է, թե ինչ է հայտնաբերվել վերջին զանգի միջոցառումից հետո հոսպիտալացվածների մոտ

2022 թվականի հունիսի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ Բյուրեղավանի ավարտական միջոցառման մասնակիցներից հոսպիտալացված է 17 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է թեթև։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդներից վերցված կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդությունների «Սալմոնելա էնտերիտիդիս» և «Ոսկեգույն ստաֆիլակոկ» ախտածին հարուցիչները։

Համաճարակաբանական հետազոտության արդյունքները փաստում են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը սննդային գործոնն է:

Նշենք, որ սալմոնելոզն աղիքային վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով և կլինիկական բազմազանությամբ։ Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի միջոցով։

Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.

խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, խուսափե՛ք գնել բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,

Հաճախակի լվացե՛ք ձեռքերն օճառով և ջրով,

մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով՝ առնվազն 2-3 րոպե,

սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար,

շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,

աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի։

Please enter a valid URL