Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը ահազանգում է

Ոստիկանությունը ահազանգում է, որ Հայաստանում աշխատում է մանրամասն հաշվարկված, մշակված ու հանցավոր մեխանիզմ։
Նշվում է, որ թիրախավորվում են առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։

Առաջին քայլով խարդախը, հիմնականում «Վոթսափ» հավելվածի միջոցով, կապ է հաստատում վաճառողի հետ, հայտնում է, որ ցանկանում է գնել ապրանքը, ապա ասում, որ ինքը հեռավոր մի մարզում է և խնդրում է ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետև խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում և այնտեղ վճարել ապրանքի համար. վաճառողին մնում միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով, փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները և սպասել առաքիչի զանգին, որը կգա ու կվերցնի վաճառված ապրանքը։

Նշվում է, որ հենց այստեղ կիրառվում է տեխնոլոգիական հնարք։ Գնորդի ուղարկած հղումը, որն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում փոստային ծառայության պաշտոնական կայքից, իրականում պարզապես դրա լավ մշակված կրկնօրինակն է։ Խարդախը հասանելիություն է ստանում ցանկացած տվյալի, որը մուտքագրվում է կեղծ կայքում։

«Ստանալով ձեր բանկային տվյալները՝ խարդախը անարգել տնօրինում է ձեր ֆինանսական միջոցները, այլ խոսքով ձեր բանկային քարտից փոխանցումներ ու կանխիկացումներ է անում«», ֊ տեղեկացնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է նման մի քանի տասնյակ դեպք։
Ոստիկանությունը հորդորում է` ոչ մի դեպքում նման հղումներում չնշել բանկային քարտի տվյալները։

Please enter a valid URL