Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջ շարժվելու հնարավորություն ունեն։ Այս մասին գրել է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդին:
«Ես հավատում եմ, որ այժմ իսկական հույս կա, որ Հայաստանի և Ադրբեջանի համար կա հնարավորություն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում», — ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը:
«Կարծում եմ՝ մենք տեսել ենք, որ երկու երկրներն էլ կարևոր քայլեր են ձեռնարկում»,- ասել է Դոնֆրիդը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Վերջիններս համաձայնության են եկել երկու երկրների պետական սահմանի սահմանազատման հարցերով սահմանային հանձնաժողովների առաջին նիստն անցկացնելու վերաբերյալ։