Search
Close this search box.

Սունդուկյանի անվան թատրոնը՝ սկանդալային պաստառների մասին

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը հայտարարություն է տարածել «ТНТ»-ի աստղերի մասնակցությամբ Երևանում նախատեսված «Залечь на дно в Ереване» ներկայացման պաստառների վերաբերյալ: Հիշեցնենք, որ պաստառի լուսանկարում շոուի դերասանները մերկ մարմինները ծածկել են հայկական լավաշով։

Սա զայրույթ է առաջացրել հայկական տիրույթում, կազմակերպիչներին մեղադրել են սրբապղծության, հայկական արժեքների և մասնավորապես լավաշի հանդեպ հարգանքի բացակայության համար։ Հիշեցրել են, որ հայկական լավաշը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում։

«Սիրելի հանդիսատես,
Այսօր համացանցում տարածվող գովազդային պաստառի կապակցությամբ հարկ ենք համարում մանրամասնել․
ա) Քննարկվող ներկայացումը, իհարկե, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի հետ որևէ առնչություն չունի,
բ) Երբ պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի են ունենում այլ թատերախմբերի կամ ստենդափային ներկայացումներ, դրանց համառոտ նկարագրերը և գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։ Սակայն տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետևաբար պաստառի էսքիզը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՎ ՉԻ ՍՏԱՑԵԼ թատրոնի համաձայնությունը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել պաշտոնական նամակով»,- ասվում է թատրոնի տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ կազմակերպիչները «ինտրիգային սյուժեով, հանդուգն հումորով և «ТНТ»-ի կուլտային «Comedy woman» նախագծի աստղեր Եկատերինա Վարնավայի, Նատալյա Եփրիկյանի, Ալեքսանդր Գուդկովի և Եվգենի Բորոդենկոյի մասնակցությամբ միջոցառում են խոստանում։ Հատուկ հյուր՝ Արսեն Գրիգորյան»։

Please enter a valid URL