Search
Close this search box.

«Հրապարակ». Ինչ են պայմանավորվել Հայաստանի եւ Արցախի ընդդիմադիր գործիչները

«Հրապարաակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման ակտիվն ու Արցախի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները նախօրեին, ինչպես հայտնի է, հանդիպել են Երեւանում։ Պաշտոնապես հայտարարվեց, որ քննարկել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները:

«Քննարկվել են նաեւ Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսեւորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձեւաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաեւ աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում շարժման ընդլայնման ուղղությամբ»,- հայտարարեցին մասնակիցները:

Սակայն, մեր տեղեկություններով, Արցախի եւ Հայաստանի ընդդիմադիր գործիչները մտադիր են առաջիկայում կյանքի կոչել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի գործառույթները, ինչը նշանակում է օրենսդրության, ինչպես նաեւ այլ միջոցառումների սինխրոնիզացում Հայաստանում եւ Արցախում։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո սույն միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում։ Որքան էլ ընդդիմությունն ու արցախցիները ջանքեր գործադրեցին, որ այն ձեւավորվի, ՔՊ-ականները, սակայն, 2021-ի ընտրություններից հետո հանձնաժողովն այդպես էլ չձեւավորեցին եւ այնքան վախեցած են, որ խուսափում են ձեւավորելուց ու նիստեր հրավիրելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL