ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հայտնում է Քննչական կոմիտեն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ՝ հավաքի մասնակիցները փորձել էին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի ՀՀ Ազգային Ժողով:
Հավաքի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել էին զանգվածային անկարգություններ՝ քարերով, մետաղյա ձողերով, մուրճերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ էին հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել էին հասարակական անվտանգությունը:
Զանգվածային անկարգության մասնակիցների այդ գործողությունների արդյունքում ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել էին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ նրանց մի մասը գտնվում էր ստացիոնար բուժման մեջ:
Հիշյալ զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել էին այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում:
Քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 15 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում, 4 անձի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, իսկ մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով դատարան ներկայացնելու համար կայացվել է ձերբակալման որոշում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և դրանց մասնակցած այլ անձանց ինքնությունները պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: