«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանում գոյություն ունի Համահայկական բռնցքամարտի եւ պրոֆեսիոնալ մարզաձեւերի ֆեդերացիա, որի սաները՝ 11 մարզիկ, մի քանի օր առաջ մեկնել էին Մեքսիկա՝ մասնակցելու բռնցքամարտի միջազգային մրցաշարի, որտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու-մենամարտեր են անցկացվել։ Այնտեղ մեր մարզիկները գրանցել են լուրջ հաջողություններ ու հաղթանակած վերադարձել Հայաստան։ Սակայն Երեւան վերադարձի ճանապարհին նրանք բախվել են ՔՊ-ական պատգամավորներից մեկի նենգությանն ու հայտնվել ոստիկանության բաժանմունքում։
Ահա թե ինչ է տեղի ունեցել Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթի օդանավի մեջ, որով Հայաստան են վերադառնալիս եղել հայ մարզիկները։ Օդանավում է եղել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Քոչարյան Անդրանիկը, ով մայիսի 26-31-ը գործուղման էր՝ մեկնել էր Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։ Մարզիկները թեեւ հոգնած են եղել, բայց քանի որ հաղթանակած են վերադառնալիս եղել հայրենիք, բարձր տրամադրություն են ունեցել ու, հավանաբար, օդանավի մեջ մի փոքր ակտիվ եւ աշխույժ են պահել՝ բարձրաձայն զրուցել, ուրախացել իրենց հաջողությամբ։ Դա դուր չի եղել ՔՊ-ական պատգամավորին, ով ինքնաթիռում լռել է, սակայն «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես, դեռ օդանավից չիջած՝ զանգահարել է ոստիկանություն, «փուռը տվել» հայ մարզիկներին։ Մասնավորապես, դժգոհել է նրանց պահվածքից ու ձեռքի հետ էլ, որպեսզի արդարացնի իր զանգը ոստիկանություն, կասկած է հայտնել, թե «հնարավոր է նրանք գողություն կատարած լինեն օդանավում»։ Եվ մարզիկները, որոնց օդանավակայանի սպասասրահում մեծ թվով երկրպագուներ, ընկերներ ու հարազատներ են սպասելիս եղել, սպասասրահ դուրս գալու փոխարեն՝ օդանավից դուրս գալով, բերման են ենթարկվել։ Ոստիկանության «Զվարթնոցի» բաժնի աշխատակիցները նրանց թույլ չեն տվել դուրս գալ սպասասրահ՝ մոտեցել են հայ մարզիկներին ու նրանցից երեքին, Քոչարյան Անդոյի «դանոսով», տարել են ոստիկանություն։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին միջադեպի վերաբերյալ մեր տեղեկությունը՝ նշելով․ «Հունիսի 1-ին միջադեպ է եղել օդանավում, եւ քաղաքացու ահազանգի հիման վրա ոստիկանության «Զվարթնոցի» բաժին է բերման ենթարկվել երեք անձ։ Նրանք բացատրություն են տվել ու բաց են թողնվել»։
Այլ մանրամասներ, մասնավորապես, թե ով է եղել տվյալ քաղաքացին, ինչ ահազանգ է տվել, եւ եթե ահազանգը կեղծ է եղել, ինչու նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ոստիկանությունից չհայտնեցին։ Մենք խոսեցինք Համահայկական բռնցքամարտի եւ պրոֆեսիոնալ մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանի հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը, որ իրենց մարզիկներից երեքին հունիսի 1-ին Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթի օդանավից միանգամից բերման են ենթարկել ոստիկանություն, ապա բաց թողել։ Իսկ թե որն է եղել պատճառը, չգիտեր, ասաց՝ իրենց համար էլ մինչ այս պահն անհասկանալի է մնում, թե ինչ էին արել մարզիկները, որ նրանց տարել են ոստիկանություն։
«Մենք մինչեւ էսօր տեղեկացված չենք, թե պատճառը որն է եղել, ով է զանգել ու ինչ առիթով։ Ուղղակի օդանավից անմիջապես իջնելուց հետո իրենք հրավիրեցին, հարցրին՝ եղե՞լ է, արդյոք, միջադեպ, ու պատասխանը բացասական ստանալուց հետո բաց թողեցին»,- ասաց ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը։
Փորձեցինք նորից ճշտել՝ օդանավում որեւէ մեկի հետ որեւէ միջադեպ, առհասարակ, չի՞ եղել, Հարությունյանը կրկնեց․ «Մենք, առհասարակ, բացի Հայաստանի դրոշը բարձրացնելուց, երկիր ներկայացնելուց ուրիշ որեւիցե բանով չենք զբաղվում»։ Իսկ իրենք որեւէ պատգամավորի նկատե՞լ են օդանավում, Հարությունյանը նախ ասաց, որ ինքը չգիտի՝ արդյոք պատգամավորներն էկոնոմ դասո՞վ են թռչում, թե՞ ոչ, քանի որ, իր խոսքերով, «հիմիկվա պատգամավորներն ինչով ասես՝ կարող է գնան-գան»։ Հետո ավելացրեց, որ դժվար թե իրենց մարզիկներից որեւէ մեկը ճանաչեր որեւէ պատգամավորի։ «Ես անձամբ չեմ ճանաչում, ինչքան էլ Ձեզ համար հայտնի լինի»,-ասաց նա։
Ֆեդերացիայի նախագահը նաեւ ասաց այն մարզիկների անունները, որոնց տարել են ոստիկանները՝ Ռուբեն եւ Ռուդոլֆ Գարբոյան եղբայրներ եւ Տիգրան Մելքոնյան։ Երեքն էլ՝ 19 տարեկան ու երեքն էլ բոլոր մենամարտերը ժամանակից շուտ են ավարտել, բնականաբար՝ հաղթանակով։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ իրենց համար տարակուսելի է նաեւ այն, թե ինչու են հենց այդ երեքին ընտրել ոստիկանները, իր կարծիքով՝ հավանաբար, ոստիկաններին ահազանգած անձը նրանց է մատնացույց արել։
«Տրամադրությունները, բնականաբար, լավ է եղել, բայց արտաքնապես շատ հոգնած ու տանջված են եղել։ Ես անձամբ եմ նրանց հարցրել՝ ի՞նչն է եղել խնդիրը, իրենք ասել են՝ մենք անտեղյակ ենք, ընդհանրապես՝ անակնկալի ենք եկել, թե ինչի մասին է խոսքը։ Բացարձակապես որեւիցե մեկը որեւիցե բանից տեղյակ չի եղել ու մինչեւ էսօր չի կարողանում հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։ Մենակ կանգնեցրել են, ասել են՝ եկեք, ձեր մասին ինչ-որ վատ բան են ասել, հետո էլ ոչ մի պարզաբանում չեն տվել»,-ասաց Գառնիկ Հարությունյանը։
Փաստորեն, ՔՊ-ական տխրահռչակ պատգամավորը, որը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում հատկապես լրագրողների հետ «մենամարտերի» եւ տարատեսակ այլ բացասական դրսեւորումների պատճառով, այս անգամ էլ որոշել է «ուժերը փորձել» իր երեխաներից փոքր տարիքի բռնցքամարտիկների հետ՝ նրանց ոստիկանության ձեռքը տալով։ Ըստ էության, սա սուտ մատնություն է, քանզի ակնհայտ է, որ տղաները որեւէ հակաօրինական քայլ չեն արել, եւ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաղորդումը կեղծ է եղել, կասկածն էլ՝ միտում ունեցող։ Եթե նրա փոխարեն մի որեւէ ընդդիմադիր պատգամավոր այդպիսի բան աներ, նրան հիմա վաղուց ձերբակալել ու կալանավորել էին սուտ մատնության հոդվածով։ Բայց ՔՊ-ականին, առավել եւս՝ Քոչարյան Անդոյին, ամեն ինչ կարելի ու ներելի է»։