Search
Close this search box.

«Ժողովուրդ». «Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա». Փաշինյանը խաբել է. մաս 23

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի սեպտեմբերի 16-ին հերթական ասուլիսն էր տալիս: Ասուլիսի ընթացքում անդրադառնալով պետությանը հասցված վնասի հետ կապված քրեական գործերին՝ նախ՝ նշեց, որ այդ վնասի վերականգնման դինամիկան իրեն չի գոհացնում, ապա հավելեց. «Հանրությունն ասում է՝ բա թալանածը ինչի՞ չեք հետ բերում: Ճիշտ է ասում: Չէ, հետ բերում ենք, բայց ինչի՞ բավարար տեմպերով հետ չենք բերում: Որովհետեւ էդ կոռուպցիոն համակարգը որ ստեղծվել է, հո նենց չի՞ ստեղծվել. ինքը իր համար լիքը օրենքներ ու սահմանափակումներ է, չէ՞, դրել, որ դուք՝ որպես լրագրող, մենք բոլորս չկարողանանք հասանելիություն ունենալ եւ ամբողջական պատկեր տեսնել: Բա որ ասում էին՝ բա Սաշիկի փողերը ո՞ւր են, որի մասին ասում էինք: Չնայած էս վերջերս իրադարձություններ են ի հայտ գալիս, ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է: Կոռումպացված փողերը մինչեւ վերջին կոպեկը հետ են բերվելու Հայաստանի պետական բյուջե»:

Այժմ հիշենք, թե Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2019-ն ինչպես էր արտահայտվում ՀՀ 3-րդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մասին: Ընդդիմադիր պատգամավորը 2018-ի հոկտեմբերի 8-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե տնտեսությունը կախված է ոչ թե կառավարության, Կենտրոնական բանկի կամ որեւէ այլ գերատեսչության որոշումից, այլ նրանից, թե ինչքան գումար կուղարկվի արտերկրից: «Գնեք շաքարավազ, թե բանան, նույն գրպանն է գնում: Այդ մարդիկ (խոշոր գործարարները) շատ մերձավոր կապ ունեն Սերժ Սարգսյանի հետ: Քանի դեռ Հայաստանում այսպիսի իշխանություն է, որի համար ամեն կոպեկի վրա կոնտրոլ ունենալը կարեւոր է, ազատ գործարարությունը Հայաստան չի գա: Իսկ Հայաստանում ամենահայտնի տնտեսական գործակիցը Սաշիկ Սարգսյանի գործակիցն է՝ իրենից բխող 50-տոկոսանոց հետեւանքներով»,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով Հայաստանում տարածված այն զրույցները, որ Սերժ Սարգսյանի եղբայրը «տանիք է կանգնում» մի շարք գործարարներին՝ փոխարենը պահանջելով նրանց բիզնեսի 50 տոկոսը։

Օրվա քաղաքական իշխանության ղեկավարը, փաստորեն, տարիներ անց կտրուկ փոխել է տեսակետը Ալեքսանդր Սարգսյանի մասին ու խոստովանել, որ տարիներ ի վեր հնարավոր բոլոր հարթակներից Սարգսյանի մասին ոչ ճիշտ, մանիպուլյատիվ հայտարարություններ է արել, ու որ նա ամենաանմեղ դեմքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL