Search
Close this search box.

ԵԱՀԿ պետությունների մեծամասնության կողմից ընդգծվել է ԼՂ կոնֆլիկտը ՄԽ համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունը. Միրզոյան

Ստոկհոլմում դեռ նախորդ տարի ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում՝ ներկայացնելով ԱԳՆ 2021 թվականի գործունեությունը:

«2021 թվականին ԱԳՆ-ն աշխատանքներ է իրականացրել ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների և կառավարության ծրագրի իրականացման, բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանման, միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ, ՀՀ պետական շահերի պաշտպանության, ինքնիշխանության ամրապնդման և տարածքային ամբողջականության վերականգնման, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման, 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների հաղթահարման նպատակով: Իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո»,-ասաց Միրզոյանը՝ վստահեցնելով, որ սա ակնհայտորեն իր ուղղակի անդրադարձն է ունեցել ՀՀ ԱԳՆ-ի ամենօրյա գործունեության մեջ, այդ թվում ԱԳ նախարարի և մյուս պաշտոնյաների առանց բացառության բոլոր հանդիպումների բովանդակության և ընթացքի վրա:

Նա վստահեցրեց, որ քննարկումների ձևաչափի առումով հայկական կողմի համար հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Շուրջ 1-ամյա դադարից հետո շահագրգռ պետությունների դիրքորոշման, հայկական կողմի հետևողական աշխատանքի շնորհիվ 2021-ի սեպտեմբերին Նյու Յորքում, ապա նոյեմբերին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ: Վերահաստատվել է սահմանագոտում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև սադրանքների և հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը:

Մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները միմյանց հանդիպել են նաև հոկտեմբերին Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ: Մյուս հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով նախատեսված է եղել անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկել է այդ հնգակողմ հանդիպումը:

«Նախքան հնգակողմ հանդիպումը, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ՝ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»,-ասաց ԱԳ նախարարը:

Please enter a valid URL