Օդինցովոյի քաղաքային դատարանը ձերբակալել է 17-ամյա պատանու, որը մեղադրվում է մերձմոսկովյան Նեմչինովկայում հասակակից աղջկա սպանության մեջ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի վարչության մամուլի ծառայությունը, փոխանցել է «Коммерсантъ»-ը։
17-ամյա աղջկա դին գտել են հունիսի 3-ի երեկոյան, Նեմչինովկայի լքված շենքերից մեկում։ Քննության կարծիքով՝ մեղադրյալը վիճել է սպանվածի հետ, ինչի պատճառով նրան դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել, այնուհետեւ փախուստի է դիմել հանցագործության վայրից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ սպանվածը Մերձմոսկվայի շինարարության փոխնախարար Մարատ Սիբատուլինի դուստրն է։ Սպանության դրդապատճառ կարող էր լինել խանդը։ Գործը քննվում է սպանության հոդվածով (ՌԴ Քր.օր. 105 հոդված, 1-ին մաս)։