ՌԴ օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացրել են Եվրոպայից մատակարարված Տ-72 տանկերը Կիևի արվարձանում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Կիևի արվարձանում մեծ հեռահարության օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են արևելաեվրոպական երկրների մատակարարած Տ-72 տանկերը և այլ զրահատեխնիկա, որոնք տեղակայված են եղել վագոնանորոգման ձեռնարկության մասնաշենքերում»,- ասել է գեներալը:
Բացի այդ, ՌԴ ավիացիան ԴԺՀ-ում ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական տեխնիկան վերանորոգող գործարանային արտադրամասեր։
Կոնաշենկովը հավելել է, որ մեկ օրում խոցվել են Ուկրաինայի զորքերի 81-րդ և 95-րդ դեսանտագրոհային բրիգադի կառավարման կետերը, ինչպես նաև կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման վեց շրջան:
Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրի երկու արձակման կայանք՝ ԴԺՀ-ի Չերկասսկոյե և Զապորոժիեի մարզի Օրեխով բնակավայրերի շրջանում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու մարտական մեքենա՝ Խարկովի մարզի Կորոտիչ բնակավայրի շրջանում, հրթիռահրետանային սպառազինության երեք պահեստ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մայակի և Սլավյանսկ շրջաններում, ինչպես նաև ԱՄՆ-ի արտադրության AN/TPQ-50 հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայան՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սևերսկի շրջանում:
ՌԴ Զինված ուժերի հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ուկրաինական կառավարման 46 կետ, 123 հրետանային և ականանետային ստորաբաժանում՝ կրակային դիրքերում ուկրաինական զորքերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 498 շրջան: