Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20–ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի կամրջից դեպի Արտաշատ քաղաքի սկզբնամասի Երևանյան փողոցում գլխիվայր ավտոմեքենա կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները:
Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել երթևեկությունը կարգավորող ցուցանակները և գլխիվայր շրջվելով հայտնվել շինության քարե պարսպի տակ: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: