Պատգամավորական մանդատի հետևում թաքնված մի շարք անձինք թե խորհրդարանում և թե փողոցում իրենց ակնհայտ պարտությունը քողարկելու համար փորձել են և հավանաբար էլի կփորձեն գնալ սադրանքների, որպեսզի քողարկեն իրենց տապալված շարժումը, լիարժեք ձախողումն ու պարտությունը, և փոխարենը մեղադրեն իշխանությանը ոստիկանության միջոցով ուժ կիրառելու մեջ։
Բայց շատ կարևոր է, որպեսզի վերջիններիս հետ փողոց դուրս եկած քաղաքացիները գիտակցեն իրենց պատասխանատվությունը իրենց իսկ գործողությունների համար, քանզի յուրաքանչյուր քաղաքացի ինքն է պատասխանատու իր իսկ գործած անօրինական գործողությունների համար։ Կարևոր է, որպեսզի գիտակցեն, որ կալանավայրերում ու քրեակատարողական հիմնարկներում հենց իրենք են կրելու պատիժը, և ոչ թե մանդատի հետևում թաքնված սադրիչները։
Երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, որոնցից ի դեպ 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել։ Այն, որ միջադեպից ավելի շատ ոստիկան է տուժել, քան ցուցարար, ևս մեկ անգամ ապացուցում է, որ եղել է հարձակում ոստիկանների վրա, ինչի պատճառով էլ ոստիկանությունը ստիպված է եղել հատուկ միջոցներ կիրառել։
Ի դեպ, տեղի ունեցածի հետևանքով հարուցվել է քրեական գործ։ Իսկ մեղավորներն ու ոստիկանների վրա ձեռք բարձրացրած խուլիգանները միանշանակ պատասխան են տալու օրենքի առջև։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյան