Search
Close this search box.

Ոստիկաններից մեկի հարվածից վնասվեցին նաև իմ ողերը. ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ ևս մեկ անգամ համոզվեցի, որ անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ Հայրենիքի համար պայքարող մարդկանց` ո՛չ մի ոստիկան, ո՛չ մի բիրտ ուժ, ո՛չ մի հատուկ միջոց չի վախեցնելու ու հետ չի պահելու:

Երեկ համոզվեցի, որ 44-օրյա պատերազմի բովով անցած այդ մարդկանց մեջ պատասխանատվությունն է խոսում: Նույնիսկ մահակներով հանիրավի հարվածող ոստիկանների նկատմամբ տղաները ոխ չպահեցին, որովհետև հասկանում են, որ ոստիկանների ուղեղներն էլ են լվացել:

Երեկ տեսա նաև, թե ինչպես են մի խումբ հայ ոստիկաններ, օղակի մեջ հայտնված կանանց ու աղջիկներին հրմշտելով սեղմում պարեկների մեքենաներին: Եվ միայն մի խումբ տղաների դիմադրության արդյունքում` տարիքով կանանց ու աղջիկների այդ խումբը կարողացավ դուրս գալ բիրտ ուժի օղակից: Վերջիններիս տեսա նաև լաց լինելիս:

Երեկ այդ ոստիկաններից մեկի հարվածից (մթության մեջ դեմքը չհիշեցի, բայց դա էական չէ) վնասվեցին նաև իմ ողերը, սակայն դա չի ազդելու իմ բաժին պայքարի վրա: Դա ընդամենը դավաճան-կապիտուլյանտից ստացած հերթական վնասն է (ամենափոքրը) որին ևս կդիմանամ: Կյանքը պայքար է, և այն շարունակվում է:

Երեկ ես տեսա ոստիկանի համազգեստով, դավադիր կապիտուլյանտի համար ճանապարհ բացող չգիտեմ ում, և նրանց կողքին հազարավոր արժանապատիվ հայորդիների: Երեկ ես համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետությունը իրական տերեր ունի և երբեք չի հայտնվելու թուրքի ազդեցության տակ:

Ցավոք երեկ տեսա նաև գինու փառատոնում, Հայրենիքի կործանումից առաջ գինի խմող, Սարյան փողոցում բազմած կամ անիմաստ զվռնող մեկ այլ հայության: Այդ մարդկանցից շատերի հայացքներում դատարկությունն էր բոցկլտում, որոշների աչքերի մեջ էլ դոլարի նշան էր «նկարած»… Հիշեցի Ալեքսանդր Պուշկինի՝ «Խրախճանք ժանտախտի ժամանակ» վիպակը: Չզարմացա, որովհետև հայության այդ տեսակը, նույն գործի վրա էր նաև 44-օրյա պատերազմի օրերին: Վստահ եմ, որ դրանք ՔՊ-են` իրենց ընտրողներով, այսինքն՝ զրո պատասխանատվություն Հայրենիքի առջև, և անսահման կարևորություն սեփական անձին ու գրպանին:

Այդ մարդկանց համար խորթ են օրինակ` հայրենիք, ազգ, պետություն, լեզու, մշակույթ հասկացությունները: Նրանք նույն կերպ կապրեն նաև Ստամբուլում, կամ Ուգանդայի սևամորթների, նույնիսկ ավստրալական կենգուրուների հետ: Ի՞նչ տարբերություն, թե որտե՞ղ և ի՞նչ են «վայելում», եթե կյանքի նպատակը տաքուկ անկյունն ու մի փոր հացն է…

Ի վերջո, կապիտուլյանտը գնալու է, բայց նրանից մնացած արնահոսող վերքն ու տխուր հուշերը` դեռ երկար են մնալու»:

Please enter a valid URL