Search
Close this search box.

Եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման. Տոնոյան

Ի վերջո մենք ընդամենը արդարադատություն ենք ուզում, ուզում ենք պարզել՝ ովքեր սպանեցին մեր զավակներին, ովքեր են մեղավորները և, եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը` դիմելով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին:

«ՀՀ ԲԴԽ նախագահ պարոն Ջհանգիրյանին,

ՀՀ Վերաքննիչ դատարանի նախագահ պարոն Սահակյանին.

երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը 1-ին ատյանի դատարանի կողմից պատշաճ ընթացք չտալու մասին բողոքարկման հերթական նիստն էր…. հերթական անգամ ծնողներով ձայնազուրկի կարգավիճակում (որերորդ անգամ մեժվում ենք շահագրգիռ անձի կարգավիճակ ստանալ) նստած էինք դահլիճում, որի օդը ամեն րոպե մի ծնողի թե՛ հոգեբանորեն, թե՛ ուղղակի շնչահեղձ էր անում և հարկադրված դեղ խմելու կարիք էր առաջանում, բայց ջուր տալու երկրորդ խնդրանքից հետո(մեզ արգելում են ջրի շիշ ներս տանել) դատարանի միանգամյա բաժակները սպառվեցին, և կամ պիտի իրենց բաժակներով ջուր խմեինք, կամ դիմանայինք…….

Հիմա հարց-

Պարոնա՛յք պաշտոնյաներ, միթե դուք չգիտեք, որ այս ծնողները գտնվում են սահմանային հոգեվիճակում և ամեն րոպե հնարավոր են հոգեբանական և առողջական վատթարացման միջադեպեր, ինչու սրահում չկա հոգեբան, չկա բժիշկ, ավելին՝ միջանցքում հնարավոր չէ՞ ջրի սպասարկման սարք տեղադրել՝ միանգամյա բաժակներով, որ ամեն րոպե ստիպված չլինենք ոստիկաններից ջուր խնդրելու…..

Պարոն Ջհանգիրյան, մենք դեռ սպասում ենք պարզաբանման, թե ում մեղքով, ինչու ծնողների և Ձեր 2-րդ հանդիպման տեսագրությունը, ըստ ձեր լրատվականի, «պատահմամբ» չնկարահանվեց կամ «ջնջվեց»:

Բա, ո՞ւր մնաց «մեր» իշխանությունների ծնողների նկատմամբ «չափազանց հոգատար վերաբերմունքը», թե դա օգտագործվում է միայն «մեծն տիրուհուն» գովազդելու համար…..

Բա, ամեն անգամ մեզ հետ հանդիպելիս բազմանգամյա խոնարումներն ու ցավակցությունները ե՞րբ են «միսուարյուն» ստանալու, թե՞ դուք միայն բառային իշխանություն եք……

Ինչևէ, այսօրվանից մեր բազմաչարչար դատարանը մինչև ամսվա վերջ արձակուրդում կլինի….. բայց, կարծում եմ գոնե ընկալելի է, որ ծնողներիս պայքարը արձակուրդ չունի, և հույս ունենք մեր հաճախակի այցելություններով կօգնենք ձեզ արձակուրդից հետո հավուր պատշաճի ընկալել և ընդունել այն մարդկանց, որոնց զավակների կյանքի շնորհիվ ապրում եք, ձեր ապահով աշխատավայրերում հարյուրավոր ոստիկաններով պաշտպանված (ումից՝ չգիտենք) աշխատում և արձակուրդ գնում

Մի պճեղ սիրտ ու սրտացավություն ենք ուզում, մի պճեղ արդարություն ու մի պճեղ պատկառանք այն ցավի հանդեպ, որ մեզ ձեր դուռն է բերում…… Ի վերջո մենք ընդամենը արդարադատություն ենք ուզում, ուզում ենք պարզել՝ ովքեր սպանեցին մեր զավակներին, ովքեր են մեղավորները և, եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման…..»

Միևնույն է, ձեզ հետ, թե առանց ձեզ մենք հասնելու ենք մեղավորների արդար պատժին, երկնքում դրան են սպասում մեր զավակները, և ձեզ խորհուրդ կտամ այդ պահանջի իրագործման «պատիվն» ու հազարաշուրթ օրհնանքները չթողնել ուրիշներին….

Վերջում հիշեցնեմ՝ դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն դատական ատյանը անկախ է օրենսդիրից և գործադիրից, և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը»,- գրել է նա:

Please enter a valid URL