Search
Close this search box.

ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանի ՔՊ-ական զոքանչը հարստանում է փեսայի կարիերային համընթաց․ Սիվիլնեթ

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի հաշվապահ զոքանչի՝ Կարինե Համբարյանի նյութական վիճակը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ Ընդ որում, Սմբատյանի զոքանչի ունեցվածքի ընդլայնումը տեղի է ունենում նրա փեսայի՝ պետական համակարգի օղակներով վերև սլանալուն համընթաց։ Ինչպես փոխանցում է Սիվիլնեթը, Կարինե Համբարյանը, որն ըստ Կադաստրի կոմիտեի տվյաների մինչև 2019-ը ուներ իր անունով գրանցված միայն մեկ բնակելի տուն՝ այն էլ ժառանգությամբ իրեն անցած, հասցրել է ձեռք բերել նաև մեկ բնակելի տուն Աջափնյակ վարչական շրջանում, բնակարան Աջափնյակում։ Սակայն Համբարյանի անունով գրանցված գույքերից ամենատպավորիչը Երևանի Աբովյան փողոցում ձեռք բերված երկհարկանի բնակարանն է։

Արտյոմ Սմբատյանը մինչև 2018-ը աշխատում էր Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունում որպես օպեր-լիազոր։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսից մինչև սեպտեմբեր աշխատել է առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, նոյեմբերից դեկտեմբեր՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 2019-ի մարտից մինչ դեկտեմբեր Սմբատյանը եղել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։ Այդ ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Սմբատյանն իրավունք չուներ զբաղեցնելու առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը և չի համապատասխանել այդ պաշտոնին առաջադրված պահանջներին։ Գլխավոր քարտուղարից հետո Սմբատյանը նշանակվեց առողջապահության փոխնախարար, պաշտոնավարեց երկու տարի, իսկ 2021-ի օգոստոսին նշանակվեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Սմբատյանի կնոջ մայրը՝ Կարինե Համբարյանը, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող չորս հիմնարկներում աշխատում է որպես հաշվապահ։ Նա Միսաք Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցի հաշվապահն է։ Համբարյանը հաշվապահ է նաև Երևանի Ա. Ցիցիկյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցում, որտեղ 2021-ի հունվարից Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ ընդգրկվել է նաև դպրոցի կառավարման խորհրդում՝ որպես քաղաքապետի ներկայացուցիչ։ Համբարյանը «Զարթոնք» գեղագիտական դաստիարակության ՀՈԱԿ-ում և Երևանի 49-րդ մանկապարտեզում ևս որպես հաշվապահ է ձևակերպված։

ՊԵԿ նախագահի տեղակալի զոքանչը նաև ակտիվ քաղաքական կողմնորոշում ունի․ նա 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ընդգրկված էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում, դրա 138-րդ համարն էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Համբարյանի տարեկան եկամուտը այս չորս համայնքային հիմնարկներից կազմել են ամսական 417 000 դրամ։

Կարինե Համբարյանը մինչ 2019-ը, ըստ Կադաստրի կոմիտեի փաստաթղթի, ուներ ժառանգությամբ իրեն անցած առանձնատուն Աջափնյակի Միրաքյան փողոցում։ 2019-ի մայիսին Համբարյանը առքուվաճառքի պայմանագիր է կնքել Ռուբեն և Մարիամ Մանուկյանների հետ ու ձեռք բերել իր այդ առանձնատան հարևանությամբ գտնվող մեկ այլ առանձնատուն՝ 120 քմ մակերեսով, որն ունի նաև 17 քմ մակերեսով ավտոտնակ, պարիսպ։ Այս ամենը Համբարյանը գնել է 14 միլիոն դրամով։ Եթե չհաշվենք ավտոտնակը, միայն բնակելի տան 1 քմ-ի վաճառքի արժեքը կազմել է 116 000 դրամ։ Կարինե Համբարյանը առքուվաճառքի պայմանագիրը ստորագրելու պահին ողջ գումարը փոխանցած է եղել։

2020-ի հուլիսին ՊԵԿ նախագահի տեղակալի զոքանչը դստեր՝ Մերի Մկրտչյանի հետ կառուցապատողից բնակարան է ձեռք բերել Ծիծեռնակաբերդի խճուղի 13 հասցեում։ Այստեղ «Սահակյանշին» ընկերությունը կառուցում է «Պանորամա Դալմա» համալիրը, որը ներառում է հինգ շենք, այգի, հասարակական տարածքներ, ավտոկայանատեղի։ Համբարյանին ու դստերը այստեղ պատկանող բնակարանը 62 քմ է։ Այն արժեցել է 25,8 միլիոն դրամ։ Բնակարանի գնման համար Համբարյանն ու դուստրը «Հայբիզնեսբանկ»-ից վարկ են ներգրավել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Please enter a valid URL