Search
Close this search box.

Արկի պայթյունից մահացած 11–ամյա տղայի երկու եղբայրները նույնպես դժբախտ դեպքերի զոհ են եղել

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի վարչական տարածքում երեկ՝ հունիսի 2–ին, ձեռքի հակատանկային նռնականետի արկի պայթյունից մահացած 11–ամյա տղան Գենադի Օսիպովն է։

Գենադիի ընտանիքը կարճ ժամանակ է՝ ինչ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրից աշխատելու նպատակով տեղափոխվել էր Վահան գյուղ։ Նրա հայրը հովիվ է։

11–ամյա տղան հոր համար արոտավայր ուտելիք տանելիս է եղել, երբ ողբերգական դեպքն է պատահել։

«Ազգականների խոսքով՝ երեխան հոր համար արոտավայր հաց էր տանում։ Ինքը ամեն օր այդ ժամին հորը ուտելիք էր տանում։ Երեկ «պալիգոն» կոչվող տարածքով անցնելիս, գտել է ինչ–որ իր, այսինքն՝ էդ զինամթերքը, վերցրել է ու մտել էդ կաթնարան կոչվող շենքը ու կարճ ժամանակ անց լսվել է պայթյունը»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սոթք համայնքի բնակիչ Կարինե Հայրապետյանը։

Պայթյունն առաջինը լսել են հրաձգարանի զինվորականները, որոնք էլ մոտեցել են շենքին ու տեսել երեխայի մասնատված մարմինը։

«Երեկ, ժամը 15։00–ի սահմանում ահազանգ ստացանք, որ Վահան գյուղին հարակից զինվորական «պալիգոնում» ինչ–որ զինամթերքի պայթյունից երեխա է զոհվել։ Անմիջապես գնացի դեպքի վայր, շատ ծանր իրավիճակ էր, երեխայի մարմինը ամբողջությամբ մասնատված էր»,– մեզ հետ զրույցում ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

Դժբախտաբար, սա Օսիպովների ընտանիքում պատահած միակ ողբերգական դեպքը չէ։ Ըստ NEWS.am-ի զրուցակիցների՝ տարիներ առաջ էլ Գենադիի երկու եւ չորս տարեկան եղբայրներն են մահացել՝ մեկը ջրհորում էր խեղդվել, մյուսի վրա էլ եռման ջուր էր լցվել։

«Ընտանիքում չորս երեխա էին, երեքը սենց դժբախտ դեպքի հետեւանքով զոհվել են, հիմա ընտանիքի խնամքի տակ 3 տարեկան երեխա կա»,– ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի տարածքում, ձեռքի հակատանկային նռնականետի արկի հետ անզգույշ վարվելու հետեւանքով պայթել է ականն ու 11–ամյա երեխա է մահացել։

Please enter a valid URL