ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի` Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու որոշումը կլինի, երբ դրա ժամանակը կգա։ Այսօր ԱԺ–ում, պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
ՔՊ–ն մարտի 31-ին հայտարարել էր, որ Երևանի ավագանու հաջորդ ընտրություններում քաղաքապետի իրենց թեկնածուն լինելու է Տիգրան Ավինյանը։
«Ժամանակը կգա, որոշումը կհրապարակվի»,–ասաց նա։
Իսկ թե երբ կգա ժամանակը, ինչով է դա պայմանավորված, կամ ով է որոշում, Սարգսյանը չցանկացավ պատասխանել։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին` այդ դեպքում ինչ է անելու Հրաչյա Սարգսյանը։ Գործող քաղաքապետը նշեց, որ այդ հարցի պատասխանը ևս դեռ չունի` ժամանակը կգա, կորոշի։
Քաղաքապետը նաև ասաց, որ չի ցանկանում անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նման առաջարկ իշխող կուսակցությունից չի ստացել։