Ադրբեջանցիները սկսել են հաշվել:
Ուրեմն, սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում, ինչպես նաև փորձագիտական շրջանակներում շատ ակտիվ քննարկվում է էքսկլավ/անկլավների հարցը: Հիմնականում ադրբեջանցիներն ընդունում, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի անբաժանելի մաս է: Փոխարենը՝ վերջիններս պնդում են թվով 8 բնակավայրերի Ադրբեջանին պատկանելու մասին: Ըստ ադրբեջանցիների, դրանք են՝
Յուխարի Ասքիփարա — 8.6 կմ քառ.
Աշաղի Ասքիփարա — 9.1 կմ քառ.
Բաղանիս Այրում — 40 կմ քառ.
Բարխուդարլու — 10.1 կմ քառ.
Սոֆուլու — 22 կմ քառ.
Խեյրիմլի — 4.1 կմ քառ.
Գզիլ Հաջիյլի — 11 կմ քառ.
Քյարքի — 19. 2 կմ քառ.
Գումարելով թվերը, ադրբեջանցիները եզրակացնում են, որ «իրենց» տարածքները շուրջ 3 անգամ ավելի մեծ են Արծվաշենի տարածքից (Արծվաշենը զբաղեցնում է 40 կմ քառ. տարածք): Այդ իսկ պատճառով, վերջիններս առաջարկում են սահմանազատումն իրականացնել, հաշվի առնելով իրականությունը:
Սակայն, իրականությունն այլ է: 2021-2022թթ ադրբեջանցիների «առաջխաղացման» արդյունքում մենք Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից տարածքներ ենք կորցրել: Տարբեր գնահատականներով մեր կորցրածը կազմում է շուրջ 41-50 կմ քառ. տարածք: Պարզ է, որ սրա մասին Բաքվում լռում են և ամենևին պարզ չէ սրա վերաբերյալ պաշտոնական Երևանի լռությունը:
Ի՞նչ ասեմ: Մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է: Այսպես շարունակվելու դեպքում, շուտով սահմանազատման ականատեսն ենք լինելու: Հիշեք այս թվերը: Հետագայում առիթ կունենաք դրանք համեմատելու սահմանազատման արդյունքում ստացված թվերի հետ: Եվ կտեսնեք, որ ինչ-որ բան այդպես չէ մեր Հայրենիքում:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան