Search
Close this search box.

«Այսօր վերջին դասն է դպրոցում, բայց կյանքը ամեն օր մեզ դասեր է տալիս». Նիկոլ Փաշինյան

Հանրակրթական դպրոցների սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի առիթով:
Այսօր հատում եք ձեր կյանքի ամենակարեւոր սահմանագծերից մեկը. մանկությունից անցում եք կատարում դեպի հասուն կյանք, որի առաջին քայլերը ձեզ սպասում են արդեն շաբաթներ անց, երբ պիտի որոշումներ կայացնեք, որոնք ուղիղ ազդելու են ձեր հետագա ողջ կյանքի էության ու որակի վրա:
Խոսքը, իհարկե, առաջին հերթին մասնագիտության ընտրության մասին է, եւ հույս ունեմ, որ մեր սիրելի ուսուցիչները դպրոցական տարիներին ձեզ կարողացել են օժտել այնպիսի հմտություններով, որ կկարողանաք ճիշտ որոշում կայացնել:

Իսկ ո՞րն է ճիշտ որոշումը. ընտրել մասնագիտություն, զբաղմունք, որ սիրում եք ինքներդ եւ ոչ թե ուրիշները: Ընտրել մասնագիտություն, որը անելիք կդառնա ձեզ համար, ամեն օր հնարավորինս վաղ արթնանալու եւ հաճույքով աշխատանքի գնալու մոտիվացիա կհաղորդի ձեզ եւ օգուտ կբերի ուրիշներին:
Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի այս կյանքում: Ձեզնից յուրաքանչյուրը առաքելություն ունի այս կյանքում եւ մասնագիտության ճիշտ ընտրությունը, հոգով եւ սրտով ընտրությունը առաքելությունը գտնելու գործընթաց է, որը թերեւս ամենակարեւոր որոշումն է, որ պիտի կայացնեք առաջիկայում:

Չեմ ուզում, որ գնաք երբեմն ոչինչ չտվող դիպլոմների ետեւից, ուզում եմ գնաք առաքելության ետեւից, լինի դա ուսուցչի, գիտնականի, բժշկի, զինվորականի, գործարարի, արվեստագետի, ինժեների, ոստիկանի, դատավորի, խոհարարի, շինարարի, փականագործի, զոդողի, մատուցողի, ֆերմերի, հյուսնի առաքելություն:
Ուզում եմ հավատաք աշխարհը դեպի լավը փոխելու, մեր հայրենիքը դեպի լավը փոխելու ձեր առաքելությանը, ուզում եմ հավատաք նաեւ քաղաքացիական ձեր առաքելությանը, որովհետեւ շատ շուտով արդեն երկրի ապագայի մասին որոշումներ կայացնելու հնարավորություն եք ունենալու՝ որպես ընտրող: Ես հավատում եմ ձեզ եւ ուզում եմ, որ դուք էլ լիարժեք հավատաք ձեզ ու ձեր ապագային: Ցանկացած պարագայում այդ ապագայի երաշխիքը իմացությունն է, գիտելիքը, հմտությունը:

Հարգարժա՛ն ուսուցիչներ,
Շնորհավորում եմ նաեւ ձեզ, եւ գիտեմ, որ այսօր ձեզնից եւ ձեր աշակերտներից շատերի աչքերին արցունքներ են հայտնվելու: Այդ զգացմունքներից անդին պատասխանատվությունն է, մեր ու ձեր համատեղ պատասխանատվությունը այսօր դպրոցից հեռացող աշակերտների հետագա ճակատագրի համար:
Մեր հայրենիքը անցնում է դժվար ժամանակներով, եւ ուզում եմ վերահաստատել, որ բոլոր այն խնդիրները, որ մենք ունենք, դրանց լուծումը նախ կրթության ոլորտում պիտի փնտրենք եւ գտնենք, որովհետեւ այդ բոլոր, առանց բացառության բոլոր պրոբլեմները սաղմնավորվել են հենց նախնական դպրոցական կամ հանրակրթության մակարդակում, երբեմն ու հաճախ բառիս բուն իմաստով դրանց բացակայության կամ կիսակատարության հետեւանքով:

Այսօր մեր կառավարությունը լայնամասշտաբ բարեփոխումներ է իրականացնում հանրակրթության ոլորտում: Այդ բարեփոխումների առանցքում որակյալ կրթության հասանելիությունն է եւ ուսուցչի դերի բացառիկության ընդգծումը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով եւ արդյունքներով: Կառավարության երեկվա նիստում հայտարարեցի, որ կրթության ոլորտի որակյալ բարեփոխումը մեր ամենակարեւոր անելիքն է, եւ մենք ավելի կարեւոր ոչինչ չունենք անելու: Սրանում ոչ մի չափազանցություն չկա:

Սիրելի՛ ուսուցիչներ, սիրելի շրջանավարտներ,
Այսօր վերջին դասն է դպրոցում, բայց կյանքը ամեն օր մեզ դասեր է տալիս, եւ մեզ բոլորիս բարձր առաջադիմություն եմ մաղթում այդ ցկյանս ուսումնառության ընթացքում՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր սերունդների, հանուն մեր նահատակների:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Please enter a valid URL