Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Աթենքի հետ։
«Մենք խզել ենք Հունաստանի հետ բարձր մակարդակով Ռազմավարական խորհրդի նիստ անցկացնելու պայմանավորվածությունը»,- ասել է Էրդողանը։ Նա Հունաստանի հասցեին սպառնալից տոնով է խոսել։
«Դուք դասեր չեք քաղու՞մ պատմությունից։ Մի՛ փորձեք պար բռնել Թուրքիայի հետ, այլապես կհոգնեք ու կմնաք կես ճանապարհին»,- ասել է էրդողանն ու կրկնել՝ երկկողմ բանակցություններ Հունաստանի հետ չեն վարելու։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանին մեղադրել էր Էգեյան կղզիների կարգավիճակը «խախտելու մեջ», պնդել, թե կղզիները պետք է «ապառազմականացնել», այլապես օրակարգում կհայտնվի դրանց պատկանելության հարցը։
Մինչ այդ Հունաստանը բազմիցս դժգոհություն է հայտնել հունական կղզիների դիմաց թուրքական ռազմական ներկայության ընդլայնման կապակցությամբ՝ դա համարելով ակնհայտ սպառնալիք։
Վերջին շրջանում Թուրքիան հաճախակի խախտում է Հունաստանի օդային սահմաններն ու մեծացնում իր հավակնությունները՝ կղզիների նկատմամբ, իսկ Հունաստանը Թուրքիայի ներկայացրած պահանջներն ու հիմնավորումները որակում է անհիմն՝ ինչպես պատմական, այնպես էլ իրավական տեսանկյունից։