Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Են ունեցել. ի՞նչ են քննարկել

Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով հեռախոսազանգի համար և ընդգծել, որ բարձր է գնահատում ՌԴ նախագահի ջերմ, բարեկամական վերաբերմունքը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը:

ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդրին և եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ տպավորություններ է կիսել Բրյուսելյան վերջին հանդիպումից և մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով:

ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը:

Please enter a valid URL