Ուկրաինական ճգնաժամի առաջին օրից Թուրքիան փորձում է միջնորդի դեր ստանձնել. արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններն այդ ձգտումների հերթական դրսևորումն են։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին։
Մխիթարյանի խոսքով՝ Մոսկվայում, բնականաբար, փորձում են այլընտրանք գտնել, որ այդ բանակցային գործընթացի դերն ամբողջությամբ Թուրքիային չտրվի, ու դրա օրինակներից մեկը հենց Բելառուսում իրականացված բանակցություններն են։
Չավուշօղլուն` Թուրքիայի միջնորդական դերի մասին
Փորձագետը չբացառեց՝ Թուրքիան կարող է անվտանգության միջանցքը ծառայեցնել միմիայն իր շահերին ու, օրինակ, փորձի անվտանգության միջանցքի ցանկացած այլ գործառույթ կասեցնել։
Մյուս կողմից, նրա խոսքով, այս ամենը Թուրքիայի վաղուց որդեգրած քաղաքականությունն է՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև խուսանավելով իր դերն ու նշանակությունը բարձրացնել, սակայն այնպես չէ, որ Թուրքիայի դիրքերը հիմա բարվոք են․ Արևմուտքի կողմից նա բավական լուրջ ճնշման տակ է, մի կողմից փորձում է դեպի Ռուսաստան ինչ-որ քայլ անելով փորձել Արևմուտքից մի բան պոկել, և հակառակը՝ երբ կշեռքի նժարը փոխվում է ու ծանրությունը հակառակ կողմին է անցնում, փոխում են իրենց քաղաքականությունը։
«Սա երկար ժամանակ փորձված քաղաքական մոդել է, որ Անկարան վաղուց կիրառում է»,- ասաց Մխիթարյանը։
Փորձագետը նաև ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ Չավուշօղլուի այսօրվա հայտարարություններին նախորդել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նրա կարծիքով՝ Թուրքիան փորձում է թե՛ հայ-թուրքական հարաբերություններում, թե՛ ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների բոլոր հարցերում ներգրավել Ադրբեջանին։ Այստեղ, իհարկե, ըստ փորձագետի, հիմքում կրկին Անկարայի շահերն են ընկած։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել էր, որ Ստամբուլի բանակցություններից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական շփումները կարծես փակուղի են մտել։ Նրա խոսքով, սակայն, նորից միտում է նկատվում վերադառնալու բանակցային սեղանի շուրջ։
Բացի այդ, հունիսի 8-ին սպասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության այցն Անկարա՝ Սև ծովում անվտանգության միջանցքի քննարկման համար։
Ռուսական պատվիրակության կազմում նաև զինվորականներ են լինելու։