Search
Close this search box.

Ալիևը հայաստանյան ընդդիմությանը սպառնում է նոր՝ 44 օրյա պատերազմով

«Ենթադրում եմ՝ կամ գոյություն ունի փոխադարձ պայմանավորվածություն, կամ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Հայաստանի Հանրապետությանը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

Նա ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ վերջին օրերի հռետորաբանության ընդգծված ագրեսիվ տոնի վրա. «Վերջին անգամ Ալիևն ասում էր՝ եթե ադրբեջանական կողմն է որոշում Հայաստանի սահմանները, ապա ի՞նչ խոսք կարող է լինել Լեռնային Ղարաբաղի մասին։ Այնուհետև, Ալիևը շարունակում է՝ ինչպես իրենք ողջ աշխարհին ցույց տվեցին, որ միջազգային իրավունքը չի գործում, փոխարենը գործում է ուժի իրավունքը, այնպես էլ, շարունակելով հենվել ուժի իրավունքի վրա, իրենք շարունակելու են լուծել իրենց հարցերը։ Սրանով, Ալիևն արտաքին աշխարհին ցանկացավ հասկացնել, որ Հարավային Կովկասում ինքն է իրավիճակ թելադրողը, այսինքն, տարածաշրջանը գտնվում է իր վերահսկողության տակ։ Ի դեպ, չմոռանանք, որ նույն առիթով, Ալիևն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում վերջին շաբաթներին ակտիվ գործունեություն ծավալող ընդդիմադիր դաշտին, ասելով՝ այդ ռևանշիստները պետք է մոռանան ռևանշի հնարավորության մասին և, եթե հարկ լինի, ապա Ադրբեջանը կստիպի նրանց մեկ անգամ ևս հիշել 44 օրյա պատերազմի մասին»,- ասել է քաղաքագետը։

Ի՞նչ է սա նշանակում, միայն մեկ բան՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է, բացառապես և միայն, ուժի դիրքերից,- ասել է Արա Պողոսյանն ու հավելել. «Ալիևը չի էլ թաքցնում իր մաքսիմալիստական ձգտումները, մասնավորապես այն, որ Հայաստանն ու ամբողջ աշխարհը պետք է հաշվի նստեն հետպատերազմյան իրավիճակի հետ, որ թելադրողը տարածաշրջանում՝ միայն ինքն է։ Միաժամանակ, նա չի մոռացել ընդգծել նաև, որ թույլ չի տալու որևէ կողմի խոչընդոտ հանդիսանալ՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին։ Եթե այս ամենին գումարենք նաև սահմանային վերջին միջադեպը, որի արդյունքում մենք ունեցանք հերթական զոհը, ապա, ուղղակի, ակնհայտ կլինի, որ Ադրբեջանը ցանկացած նմանօրինակ սադրանքների կամ, ավելի ճիշտ, ուղիղ գործողությունների միջոցով, պարբերաբար մեզ հիշեցնելու է ուժի կիրառման իր հնարավորությունն ու կարողությունը, հիշեցնելով, որ Հայաստանի իշխանությունները՝ մի կողմից, հանրությունը՝ մյուս կողմից, պետք է հաշվի նստեն իր ցանկությունների հետ և գնան բոլոր այն զիջումներին, որոնք կթելադրի Ադրբեջանը»։

Հարցին՝ մինչև ե՞րբ կարող է շարունակվել այս իրավիճակը կամ արդյո՞ք հայկական կողմը պե՞տք է հանդուրժի ադրբեջանական այսօրինակ վարքը՝ քաղաքագետն արձագանքել է՝ Ադրբեջանն իր այս գործելաոճը, դեռևս, համարում է արդյունավետ և, քանի դեռ սա աշխատում է, նա մշտապես օգտվելու է դրանից. «Նույնիսկ, եթե հիպոթետիկ կերպով ընդունենք, որ կարող է խաղաղության պայմանագիր կնքվել, ապա, միևնույն է, մեր սահմաններին ռազմական սադրանքները չեն դադարելու, մենք շարունակելու ենք ունենալ զոհեր, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել, որ իր դիմաց կա հակազդեցություն, ընդ որում՝ հզոր հակազդեցություն։ Իսկ լավ հակազդելու համար, պետությունը պետական ինստիտուտների լիակատար գործունակություն պետք է ունենա, ռազմական ուժերի արդիականացմամբ՝ մարտունակ բանակ, ինչպես նաև՝ անվտանգային միջավայրերի ձևակերպում և վերաձևակերպում։ Իսկ ամենը մեր երկրում, հատկապես, վերջին տարիներին, պարզապես, հետևողականորեն ոչնչացվել է»,- ասել է Արա Պողոսյանը։

Ամփոփելով զրույցը՝ մեր զրուցակիցը նկատել է՝ միամիտ կլիներ, եթե ասեր, թե այս իշխանությունները չեն կարողանում պատշաճ կերպով իրականացնել իրենց առջև դրված պարտավորությունները։ Ըստ վերջինիս համոզման, նրանք, պարզապես, չեն ցանկանում անել դա. «Դատելով այս իշխանությունների քաղաքական խոսույթից և վարքից, ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանում արդյունավետ կերպով կառավարել երկիրը։ Թե ինչո՞ւ, սա, արդեն, քննարկման այլ թեմա է։ Պատճառները կարող են բազմաթիվ լինել, սկսած՝ կոլաբորացինոզիմից, մինչև տարատեսակ միջազգային, գլոբալ պայմանավորվածությունները։ Բայց որ այս ամենի ենթատեքստում կա Հայրենիքի դավաճանություն, սրանում ես, արդեն վաղուց, չեմ կասկածում»։

Please enter a valid URL