Սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն Մոսկվայում, ապա՝ Բրյուսելում․ Արման Սարգսյան
Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպումը կկայանա Մոսկվայում, հաջորդը՝ Բրյուսելում․ այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Մոսկովյան հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս, օրը չեմ կարող ասել։ Առաջին հանդիպումը եղել է նշված հատվածում, երկրորդը տեղի է ունենալու Մոսկվայում, երրորդը, ըստ նախնական տվյալների, Բրյուսելում»,- ասաց նա։
Հարցին, թե այն պայմաններում, երբ սահմանին զոհեր են լինում, հանձնաժողովի աշխատանքի շարունակություն լինելո՞ւ է, փոխնախարարը պատասխանեց․ «Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետև բանակցություններն ամենալավ լուծումն են բոլոր առումներով։ Այսինքն՝ ամենավատ բանակցություն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունները»։